Վարդան Պետրոսյանի գործը շուտով կհայտնվի Վճռաբեկ դատարանում: Այս մասին Araratnews-ին հայտնեց Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Վճռաբեկ դատարան է դիմել տուժող Հակոբյանների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
«Տուժող կողմը բողոք է ներկայացրել վարչական դատարան: Բողոքի պատճենը մենք չենք ստացել: Մեկ-երկու օրից բողոքը արդեն կուղարկվի Վճռաբեկ դատարան: Երբ գործը մակագրվի դատավորներից որևէ մեկին՝ մենք արդեն կներկայացնենք մեր պատասխանը այդ բողոքի վերաբերյալ: Սակայն, տուժող կողմի բողոքը դժվար թեՎճռաբեկի վարույթ ընդունվի»:
Նիկոլայ Բաղդասարյանի մեկնաբանությամբ, եթե բողոքարկել են Վճռաբեկ Դատարանում, ապա Վերաքննիչ դատարանի որոշումը այլևս ուժի մեջ չի լինի: «Ես չեմ կիսում այն կարծիքը, որ այստեղ եվրոպական կոնվենցիայի խախտում կա: Իր բողոքում պետք է գոնե գրեին, թե ինչպիսի խախտում կա, կամ ինչպիսի խախտում է թույլ տվել եվրոպական կոնվենցիայի առաջին ատյանի դատարանը, որ այդպիսի բողոք է ներկայացրել եվրոպական դատարան»:
Ստացվում է այնպես, որ Ռուբեն Բալոյանի բողոքարկումը մի նպատակ է հետապնդում՝ Վարդան Պետրոսյանին ավելի երկար տեսնել ճաղերի հետևում: Այլապես Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու իմաստ չէր լինի:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը անազատության մեջ է գտնվում 2013թ-ի նոյեմբերի 15-ից:
Արևիկ Նահապետյան