Տնտեսագետ , ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանին հետաքրքրում է, թե ինչո՞ւ է ժողովուրդը դոլար պահում, եթե մեր ազգային արժույթը դրամն է:
«Հայաստանը ուզում է, թե ոչ, բոլոր արդյունավետ կամ ոչ արդյունավետ կապերն իրականացնում է ՌԴ-ի հետ. կլինի դա միգրանտների, տրանսֆետրտների հետ կապված: Ռուսաստանում կատարվող իրադարձություններն այսպես թե այնպես ազդելու են Հայաստանի վրա: Պայմանավորված պատժամիջոցներով և ՌԴ տնտեսության անկմամբ, նավթի գների իջեցմամբ, Ռուսաստանից եկող տրանսֆերտները պակասել են: Արտարժույթը ոչ այլ ինչ է, քան շուկայում իրացվող ապրանք: Մեր իշխանությունները, այլընտրանք չունենալով, ցանկանում են պահպաանել մեր արժույթը»,- ասաց Բոստանջյանն ու ընդգծեց. դրամի արժեզրկումն անխուսափելի է:
Բոստանջյանը մեր երկրի արժույթը համեմատում է տրանսպորտի տոմսի հետ, որը կարող ես ցույց տալ, կամ չտալ:
«Գների կայունության համար պատասխանատվություն կրում է կենտրոնական բանկը: Բացի դրամավարկային քաղաքականությունից, կառավարությունը իրականացնում է հարկաբյուջետային քաղաքականություն. այս երկու քաղաքականությունները, որոնք չափազանց կարևոր են, պետք է լինեն համապատասխանեցված ու կոմբինացված: Իրենք չեն կարող չաշխատել, սակայն այլ հարց է, թե ինչպես են ընթանում այդ աշխատանքները: Կենտրոնական բանկը գրեթե արհեստականորեն ձգտում է պահպանել կուրսը: Դրա բացասական կողմերը կայանում են նրանում, որ մեր բանկային համակարգը վատ վիճակում է գտնվում»,- ասաց նա
Բոստանջյանը, սակայն, կարծում է, որ ստեղծված իրավիճակում ավելի շատ անելիք ունի կառավարությունը:
«Միամիտները կարծում են, որ պատահական արթնացան և 2008 թվականի ճգնաժամը եղավ: Այդ պատժամիջոցները, որոնք կիրառվում են ՌԴ նկատմամբ՝ ոչ այլ ինչ են, քան համաշխարհային ճգնաժամի սիմպտոմներ: Հանուն ՌԴ կործանման Արևմուտքն ու ԱՄՆ-ն բարելավեց իր վաղեմի թշնամի Իրանի հետ հարաբերությունները»,- նշեց տնտեսագետը:
Տարածաշրջանում ընթացող այս վտանգավոր գործընթացների պարագայում, Բոստանջյանի կարծիքով, Հայաստանը պետք է գնա մանյովրելու ճանապարհով:
«Մենք, միշտ լինելով փոքր երկիր, պետք է ունենանք մանյովրելու հնարավորություն: Փոքր երկրներին բնորոշ է հենց այս պահվածքը»,- եզրափակեց նա: