Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդնիյազ Մաշալովին:
Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Մուհամեդնիյազ Մաշալովին՝ դեսպանի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություն մաղթել դիվանագիտական առաքելության մեջ: Վարչապետը բարձր է գնահատել հայ-թուրքմենական միջպետական հարաբերությունների ներկա մակարդակը եւ համոզմունք հայտնել, որ դեսպան Մաշալովն իր աշխատանքով կնպաստի քաղաքական, տնտեսական, գործնական, գիտական, մշակութային, հումանիտար եւ այլ ոլորտներում համագործակցության էլ ավելի ամրապնդմանը եւ խորացմանը:
Դեսպան Մաշալովը շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար եւ հավաստիացրել, որ պաշտոնավարման ընթացքում կգործադրի ամեն ջանք տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու եւ երկկողմ կապերը առավել սերտացնելու ուղղությամբ:
Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել է տնտեսական կապերի ակտիվացումը, առկա ներուժի լիարժեք օգտագործումը եւ այս առումով կարեւորել միջկառավարական հանձնաժողովի աշխատանքը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ հետարքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս: