Կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանը գործադիրի նիստերը սկսում է պարտադիր դարձած հանձնարարականներով: Յուրաքանչյուր նիստի մեկնարկին գոնե 2-3 հանձնարարականով հանդես եկող վարչապետն իր ենթականերին հորդորում է այս կամ այն խնդրի առնչությամբ սեղմ ժամկետներում ուսումնասիրություններ կատարել, առաջարկներ ներկայացնել եւ այլն:
Այսպես, հոկտեմբերի 20-ին կառավարության հերթական նիստի ընթացքում վարչապետի հանձնարարականներից մեկը վերաբերում էր Հայաստանում տրանսպորտային խնդրին:
«Հանձնարարում եմ ուսումնասիրության ավարտին ներկայացնել այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում չի իրականացվում` նշելով դրա պատճառներն ու խնդրի վերջնական կարգավորման վերաբերյալ հստակ առաջարկություններ»,- ասել էր վարչապետը: Վարչապետի հանձնարարականից 7 ամիս անց Araratnews.am-ը փորձեց պարզել՝ ինչ քայլեր են ձեռնարկվել այդ ուղղությամբ: Մեր զրուցակիցն է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանը:
Շուրջ 7 ամիս առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել էր ուսումնասիրել գյուղական բնակավայրերում տրանսպորտի աշխատանքի կազմակերպման հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ այն բնակավայրերի ցանկը, որտեղ տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում: Ի՞նչ քայլեր են իրականացվել այս 7 ամիսների ընթացքում:
Համագործակցելով մարզպետարանների հետ` ստացել ենք բոլոր չսպասարկվող համայնքների ցանկը, չսպասարկվող համայնքների համար ձեւավորել ենք երթուղային ցանց, որոշ մասն արդեն ընդգրկված է մեր երթուղային ցանցում՝ չվացուցակի փոփոխություններով: Բանակցել ենք խոշոր փոխադրողների հետ եւ չսպասարկվող համայնքները ներառել ենք ներմարզային երթուղային ցանցերում:
Նշեմ նաեւ՝ որպես խնդրի հիմնական լուծում, շարունակում ենք աշխատել մարզպետարանների հետ, եւ մինչեւ մայիսի 4-ը մարզպետները պետք է տրանսպորտի նախարարությանը տրամադրեն մարզում բոլոր համայնքների ուղեւորահոսքը մինչեւ մարզկենտրոններ եւ խոշոր քաղաքներ: Այդ հանձնարարականի հետ կապված մենք մարզպետարարններին տրամադրել ենք ձեւաչափ, համաձայն որի մեզ պետք է տրամադրվի անհրաժեշտ տեղեկատվությունը:
Մինչեւ հունիսի 1-ը տրանսպորտի նախարարությունը պետք է մշակի տեխնիկական առաջադրանքը՝ ամփոփելով այդ մարզերից ստացված տվյալները, եւ ներկայացնի կառավարություն: Միաժամանակ մենք ունենք օրենսդրական փոփոխություն՝ համաձայն որի պետք է որոշակի բարելավումներ լինեն:
Նշեցիք, որ ստացել եք ցանկ, թե քանի բնակավայրում տրանսպորտային սպասարկում ընդհանրապես չի իրականացվում, թվային տվյալներ կներկայացնե՞ք, քանի՞ համայնքի մասին է խոսքը:
Այս պահին փոփոխական թվեր են, ի սկզբանե արձանագրվել էր 97 չսպասարկվող համայնք, հետո այդ թիվը ճշգրտվեց եւ պարզվեց, որ համայնքների թիվը շատ ավելի մեծ է: Ունենք ոչ թե 97, այլ 220 չսպասարկվող համայնք: Դրանց մոտ 40 տոկոսն այսօր արդեն սպասարկվում է:
Ի՞նչ տարբերակով, մի տրանսպորտը միաժամանակ մի քանի գյո՞ւղ է մտնում:
Այո՛, միջմարզային այն ցանցը, որով այսօր աշխատում ենք, ներառել է այն համայնքները, որոնք չէին սպասարկվում: Այսինքն՝ տեղի են ունեցել ուղեգծերի շեղումներ կամ ուղեգծերի երկարացումներ, որոնց միջոցով էլ խնդիրը կարգավորվել է:
Դա ժամանակավոր լուծո՞ւմ է:
Այսօր դա խնդրի որոշակի լուծում է, բայց եթե գլոբալ առումով նայենք, մենք ուսումնասիրել ենք ճանապարհների վիճակը, արձանագրել, որ դրանց մի մասը վատ վիճակում է, վերանորոգման կարիք կա եւ այլն…
Կարո՞ղ եք նշել մի քանի հիմնական պատճառ, թե ինչու այդ 220 համայնքում տրանսպորտային սպասարկում չի իրականացվում:
Հիմնական խնդիրներից մեկը համայնքային նշանակության ճանապարհների վատ վիճակն է, մյուսը՝ թույլ ուղեւորահոսքը, այսինքն՝ որոշակի բնակավայրեր կան, որտեղ շատ քիչ բնակչություն կա, եւ այդ վայրերում տրանսպորտային սպասարկումը կլինի վնասաբեր:
Կան նաեւ որոշակի խնդիրներ, որոնք օրենսդրական փոփոխությամբ կկարգավորվեն:
Իսկ որքա՞ն ժամանակ է, որ այդ համայնքներում տրանսպորտ չի աշխատում:
Կան համայնքներ, որտեղ անգամ խորհրդային տարիներին տրանսպորտ չի աշխատել:
Քանի՞ նման համայնք կա:
Չեմ կարող ասել:
Ի վերջո, ի՞նչ ժամկետներում է հնարավոր խնդիրը լուծել:
Ես ասացի՝ կոմպլեքս լուծում պահանջող խնդիր է, մինչեւ հունիսի 1-ը մենք կներկայացնենք տեխնիկական առաջադրանքներ:
Շողիկ Գալստյան