ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը, մինչ օրակարգային հարցերին անցնելը, հանձնարարականներով հանդես եկավ, որոնցից առաջինն ուղղված էր ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին:
Վարչապետն ասաց, որ խոսքը վերաբերում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի վրա արգելանք դնելուն:
«Մեր համաքաղաքացիների եւ տնտեսավարողների կողմից հաճախ իրավացիորեն բարձրաձայնվում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից դրամական միջոցների վրա պարտավորության չափի անհամաչափ արգելանք դնելու խնդիրը, այն պարագայում, երբ վերջիններիս մոտ առկա է լինում շարժական կամ անշարժ գույք, որի արժեքը համաչափ է լինում պարտավորությանը կամ հակառակը»,- մանրամասնեց վարչապետը, հավելելով, որ արդյունքում նման արգելանքները, հատկապես հաշվի առնելով, որ դրանք կիրառվում են դատական գործերում, որոնց տևողությունը բավական երկար է, հաճախ լուրջ խոչընդոտ են դառնում նաեւ բիզնեսի համար:
Կարեն Կարապետյանի դիտարկմամբ՝ ստեղծված իրավիճակը հիմնականում պայմանավորված է լինում օրենսդրական մակարդակում առկա խոչընդոտներով, ուստի արդարադատության նախարարին հանձնարարեց մեկամսյա ժամկետում խոչընդոտները վերացնելու ուղղությամբ առաջարկներ ներկայացնել:
«Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից ֆիզիկական եւ իրավաբանական անձանց որպես հայցի ապահովման միջոց արգելանքները գույքի կամ դրամական միջոցների վրա առավել համաչափորեն դրվելու եւ այդ ոլորտում առկա օրենսդրական խոչընդոտները վերացնելու ուղղությամբ ներկայացրեք առաջարկություններ ՀՀ Կառավարության աշխատակազմ»,- դիմելով Արփինե Հովհաննիսյանին՝ եզրափակեց Կարապետյանը: