Խորհրդարանում քննարկվում է «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակն է ՀՅԴ-ն: Քննարկման ընթացքում ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն իր ելույթում ասաց, որ «Հանրաքվեի մասին» օրենքում նախատեսվում են փոփոխություններ այն դեպքում, երբ կարևորագույն հարցեր տեղ չեն գտնում այդ փոփոխություններում: Հեղինե Բիշարյանն անդրադարձավ Արտաշատում, Ալավերդիում, Աբովյանում տեղին ունեցած ընտրություններին՝ խոսելով այն խախտումների մասին, որոնք, ըստ տիկին Բիշարյանի, իրականացվել են՝ ստեղծելով խայտառակ պատկեր:
Նա ևս մեկ անգամ պնդեց, թե ընտրական ցուցակները պետք է հրապարակվեն, ու մտահոգություն հայտնեց, որ մեր իրականության մեջ բոլոր ընտրություններն անցնում են նույն ձեռագրով, նույն տեսքով, նույն որակով:
Արտահերթ ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ խնդրելով, որ Հեղինե Բիշարյանը հասարակությանը թյուրիմացության մեջ չգցի:
«Եթե Ալավերդի քաղաքում Ձեր կուսակցական կառույցից մեկն ասի, որ ընտրախախտումներ են եղել՝ ես ներողություն կխնդրեմ: Չի կարելի բամբասանքներով խոսել»,- հորդորեց Էդուարդ Շարմազանովն ու շարունակեց .- «Վանքից ես եմ գալիս, աղոթքից Դո՞ւք եք խոսում»: