Օրեր առաջ լրատվական կայքերից մեկը լուր էր հրապարակել, թե իբր ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաճկոնն արժի 50 հազար դոլար և այն պատրաստված է կոկորդիլոսի կաշվից: Լուրի նպատակը այն է, որ հասարակության մեջ կամաց-կամաց հասունացվի տագնապ, որ նոր իշխանություններն ապրում են ցոփ ու շվայտ կյանքով, մինչ հասարակությունն աղքատության մեջ է:
Իրականում Վանեցյանի բաճկոնը հայկական արտադրության է, այն արտադրում է «Առնելի» ընկերությունը, որտեղ նման աստղաբաշխական գներ գոյություն չունեն: Այն, որ բաճկոնը 50 հազար դոլար չարժի, դրա մասին խոսելն անգամ ավելորդ ենք համարում:
Տեղին է հիշել նաև ամիսներ առաջ տարածված կեղծ լուրն այն մասին, թե Նիկոլ Փաշինյանն իբր կապում էր 50 հազար դոլարանոց ժամացույց:
Նման կեղծ լուրեր տարածողները գոնե կարող էին այս անգամ գինը փոխել, ասենք, 50 հազար դոլարի փոխարեն գրեին, որ 45 հազար դոլարանոց կամ 90 հազար դոլարանոց բաճկոն է: Մեկ է՝ լուրը սուտ է, ու որքան թիվը մեծ լինի, այնքան նրանց հրճվանքն ուժգին կարող է լինել:
Մի՛ ստեք, պարոնա՛յք, պարզապես մի՛ ստեք: