տուն Լուրեր Վանաձորում ոստիկանների նկատմամբ սպանության փորձի գործով ձերբակալվել է երեք անձ. ՔԿ

Վանաձորում ոստիկանների նկատմամբ սպանության փորձի գործով ձերբակալվել է երեք անձ. ՔԿ

102
0

qnnchakan komite

Վանաձորում բնակարանային գողության փորձի եւ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է Լոռու մարզի երեք բնակիչ:

Նախնական քննության տվյալներով՝ երեք անձ, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու նպատակով, 2016 թվականի հունվարի 30-ին՝ ժամը 03.00-ի սահմաններում, ապօրինի մուտք են գործել Վանաձոր քաղաքի բնակարաններից մեկը:

Նշված գողության վերաբերյալ ստացված ահազանգով օպերատիվ խմբի կազմում դեպքի վայր են մեկնել ոստիկանության Տարոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերատիվ 2 աշխատակից եւ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչը, ովքեր բնակարանում հայտնաբերել են առերեւույթ հանցագործություն կատարած անձանց, որի պատճառով վերջիններս իրենց կամքից անկախ հանգամանքներում գողությունն ավարտին չեն հասցրել եւ կրակել են իրենց ծառայողական պարտականություններն իրականացնող, քրեական հետախուզության բաժանմունքի 2 աշխատակիցների ուղղությամբ եւ դիմել փախուստի։

Դեպքի առթիվ 2016 թվականի հունվարի 30-ին ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ`ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի (գողության փորձ՝ բնակարան ապօրինի մուտք գործելով), 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի (սպանության փորձ՝ 2 կամ ավելի անձանց նկատմամբ՝ կապված նրանց կողմից իրենց ծառայողական գործունեության հետ) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը) հատկանիշներով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, խուզարկություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ:

Ձեռնարկված քննչական գործողությունների եւ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում հիշյալ առերեւույթ հանցագործությունները կատարելու կասկածանքով հունվարի 30-ին ձերբակալվել են Լոռու մարզի բնակիչներ, 23-ամյա Ռ. Ռստակյանը, 25-ամյա Ա. Սարգսյանը եւ 24-ամյա Ա. Գալստյանը:

Հայտնաբերվել եւ առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը:

Նախաքննությունը շարունակվում է: