Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս խոստովանել է, որ հոսանքի թանկացումն իր ընտանիքի համար էլ ծանր բեռ է, և իրենք էլ դժվարությամբ են վճարելու: Այս մասին Ազատության հրապարակում մեզ հետ զրույցում ասաց «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը:
«Պարոն Օսիպյանը ողջունեց մեր գործողություններն ու ասաց՝ չեն կարող կանգնել ժողովրդի կողքին, որովհետև ծառայության մեջ են»,- պատմեց Վաղինակ Շուշանյանը:
Ակտիվիստը ևս մեկ անգամ հիշեցրեց. «Եթե մեր պահանջները չկատարվեն, մենք գնալու ենք Բաղրամյան 26»: Բաղրամյան 26 շարժվելու որոշման մասին մեզ հետ զրույցում հայտնել էր նաև «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության մեկ այլ անդամ Արմեն Մկրտչյանը՝ հուսալով, որ իրենց պահանջը կկատարվի:
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում մեկնարկել է «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նստացույցն՝ ընդդեմ հոսանքի թանկացման։ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները հայտարարել են՝ իրենք մինչև երկուշաբթի օրը ժամը 19:00-ն նստացույց են անցկացնելու՝ իշխանություններին կոչ անելով չեղյալ հայտարարել ՀԾԿՀ հունիսի 17-որոշումը, հակառակ դեպքում երկուշաբթի օրը երթով կշարժվեն դեպի Բաղրամյան 26:
Շողիկ Գալստյան