Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Վալերի Բուայեն հոկտեմբերի 7-ին գրավոր հարցում է ուղղել արտգործնախարար Լորան Ֆաբիուսին` դժգոհություն և տարակուսանք հայտնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի` Ստրասբուրգում ունեցած ազգայնական հավաքի կապակցությամբ: Հարցման տեքստը Բուայեն հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում, հաղորդում է armeniangenocide100.org կայքը:
«Միլիոնավոր միացյալ ձայներ՝ ընդդեմ ահաբեկչության» խորագրով հանդիպմանը, ըստ կազմակերպիչների, մասնակցել են Ֆրանսիայից, Գերմանիայից, ինչպես նաև՝ Բելգիայից ու Շվեյցարիայից ժամանած քաղաքացիներ:
«Հանդիպման առիթով, որի ընթացքում կանայք և տղամարդիկ առանձին են նստել դահլիճում, էրդողանը Եվրոպայի երկրներում ապրող թուրքերին կոչ է արել պահպանել իրենց մշակույթը՝ այդպիսով դիմակայելով ձուլմանը: Գրեթե երկու ժամ Էրդողանը իսլամական-ազգայնական բնույթի ելույթ է ունեցել՝ անդրադառնալով նաև ահաբեկչության թեմային՝ միևնույն ժամանակ չհիշատակելով «Իսլամական պետությունը»»,- նշել է Վալերի Բուայեն:
«1915 թվականի փախստականների ժառանգները, որոնք այժմ բնակվում են ֆրանսիական հողում, ստիպված էին համընդհանուր անտարբերության ֆոնին հանդուրժել ամբողջ Եվրոպայից թուրք ազգայնականների ժամանումը: Կցանկանայի իմանալ, թե ինչպե՞ս հնարավոր եղավ նման հանդիպման անցկացումը մեր երկրում: Կցանկանայի իմանալ նաև կառավարության դիրքորոշումը ֆրանս-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,- եզրափակել է պատգամավորը: