Քաղաքական գործիչ, գրող ու մտավորական Վահան Հովհաննիսյանի կյանքի վերջին տարիների մտորումներն ամփոփող գիրքն ընթերցողին հասավ առանց գրողի մակագրության: Նրա վախճանից ամիսներ անց հրապարակվեց ու ընթերցողի դատին հանձնվեց «Մայրամուտը, որը հարկավոր էր կասեցնել»:
Գրքի առանձին գլուխները էլեկտրոնային տարբերակով հրապարակվել էին Վահան Հովհաննիսյանի կենդանության տարիներին, սակայն դրանք ամբողջացվեցին և գրքի վերածվեցին yerkir.am կայքի և ՀՅԴ Երևանի «Կոմիտաս» կոմիտեի նախաձեռնությամբ: «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գիրքը պետք է հրատարակվեր դեռ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին, բայց այնպես ստացվեց, որ հրատարակումը հնարավոր դարձավ միայն մայիսի 28-ին:
Վահան Հովհաննիսյանի ընկեր և կուսակից ՀՀ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը գրքի շնորհանդեսի ժամանակ նկատեց, որ Վահան Հովհաննիսյանի ստեղծագործություններում կարմիր թելի պես անցնում է պետականության պահպանման խնդիրը, որի գաղափարը բարձր մակարդակի է հասել «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքում:
«Նրա բոլոր ստեղծագործությունները մեր պետականության, ապագայի, մեր ազգային իղձերի մասին են: Փառք Աստծո, որ Վահանը հասցրեց իր մտքերը շարադրել: Նա ասում էր. «Մեր պետությունը այլընտրանք չունենք, բոլորս պետք է հաախմբվենք պետության զարգացման շուրջ, դուրս մղենք հակաազգայինը, մաքրենք գաղափարները և իրագործենք դրանք»: Հենց այդ գործին էլ նա ծառայում էր»,- ընդգծեց Մինասյանը:
Վահան Հովհաննիսյան գրողի և քաղաքական գործչի մասին ժպիտով խոսեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա հիշեց, որ երբ Հովհաննիսյանը լավ տրամադրություն էր ունենում, իրեն ասում էր «նաչալնիկ», իսկ եթե ցանկանում էր քննադատատել, ասում էր «հանցավոր իշխանության ներկայացուցիչ»:
«Կարծում եմ, նրա տեղը դատարկ մնաց Հայաստանի քաղաքական և մտավոր դաշտում: Չեմ տեսում մեկին, ով կզբաղեցնի այդ տեղը: Գրականագետ չեմ, բայց, որպես հայ, հպարտ եմ, որ քաղաքական գործիչն իր ընթերցողին է տվել նման ստեղծագործություններ, որոնց մեջ պատմականը, ազգայինը, ժամանակակիցը միախառնված են»,- նշեց ԿԳ նախարարը:
Գրքի շնորհանդեսի ժամանակ Վահան Հովհաննիսյանի որդին` Հայկ Հովհաննիսյանը խոստովանեց, որ իր համար պատասխանատու է լինել Վահանի որդին: «Նա սկզբունքորեն հետևում էր իր ասածներին: Պատասխանատու բան է Վահան Հովհաննիսյանի որդին լինելը, որովհետև նա իր ամբողջ կյանքն օրինակելի ձևով ապրեց, և դա ավելի է մեծացնում պատասխանատվության զգացումը»,- շեշտեց կրտսեր Հովհաննիսյանը:
Շնորհանդեսի ընթացքում Վահան Հովհաննիսյանն իր ընկերների և ընթերցողների կողքին չէր, բայց նրանց հետ էր: Յուրաքանչյուրը, ով ներկա էր շնորհանդեսին, խոստովանում էր, որ զգում է Վահանի ներկայությունը: Այնտեղ էր Վահան Հովհաննիսյանի մայրը: Նստած դահլիճի անկյունում՝ նա սրբում էր թաց աչքերն ու լսում խոսքեր, որոնց արժանացել էր որդին` անձնվեր աշխատանքի և մարդկային բարձր հատկությունների շնորհիվ: Տիկին Սյուվերան միայն նշեց, որ որդու ամենամեծ ցանկությունն էր, որ կանխվի մայրամուտը. «Նա չէր ուզում, որ մայրամուտ լինի մեր երկրի համար»: