Տաքսիների լիցենզավորման նոր պայմանները ոգևորությամբ չընդունվեցին տաքսի ծառայությունների կողմից: Այսօր լիցենզավորման փոփոխությունների մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը:
«Լիզենզավորման փոփոխությունը պետք է գոնե մասնավոր հատվածի համար պարզեցնի լիցենզավորման կարգը: Չնայած, որ տաքսու բիզնեսով զբաղվող շատ կազմակերպություններ ցույցեր կազմակերպեցինˋ բողոքելով լիցենզավորման բարդություններից, չեմ կարծում, որ կատարված փոփոխությունը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Օրենքը ոչ անթերի էր նախկինում և ոչ էլ հիմա, բայց նոր օրենքն ավելի պարզեցված է»,-նշեց նա:
Խոսելով նոր օրենքի բացթողումներիցˋ բանախոսը կարևորեց հատկապես ամենօրյա տեխզննումների և բուժզննումների պահանջի վերացումը: «Մարդիկ ամեն օր տեխ- և բուժզննման չէին գնում, նրանք ամսական որոշակի գումար էին վճարում և ամեն օրվա համար թուղթ ձեռք բերում, իսկ հիմա դրա կարիքը չի լինի, քանի որ սա ձևական բնույթ էր կրում»,-նկատեց միության նախագահը:
Ինչ վերաբերում է դեղին համարանիշների փոխարինմանը սպիտակով, ապա ըստ բանախոսիˋ սա խնդիրներ կառաջացնի տաքսիներիˋ տարածաշրջանից դուրս գալու դեպքում:
«Վրաստանի հետ մեզ հաջողվել էր համաձայնության գալ, որ դեղին համարանիշներով մեքենաների մուտքը հանրապետության տարածք թույլատրվի, մինչդեռ դրանք սպիտակով փոխարինելը այլ խնդիրներ կառաջացնեն: Բացի այդˋ հասարակությունը դեղին համարանիշներով տաքսիներին ավելի մեծ վստահությամբ էր մոտենում, որովհետև դեղին համարանիշները փաստում էին դրանց լիցենզավորման մասին, իսկ հիմա լիցենզավորման փաստաթուղթը կպցրած կլինի հետևի կամ դիմացի ապակուն»,-եզրափակեց բանախոսը:
Վարդուհի Ստեփանյան