Եղանակային փոփոխություններն ու ջերմաստիճանի այս տարվա ռեկորդները լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց ՏԿԱԻՆ Հիդրոմետ ծառայության Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Սուրենյանի հավաստմամբ՝ մինչև փետրվարի 14-ը ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 2-3 աստիճանով, իսկ փետրվարի 15-ից Մերձավոր Արևելքից դեպի մեր հանրապետության տարածք են թափանցել շատ տաք օդային հոսանքներ, որի հետևանքով փետրվարի 15-16-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է։ Փետրվարի 17-ին Արարատյան Դաշտավայրում և մայրաքաղաքում գրանցվել է 17-18 աստիճան տաքություն, որը նորմայից բարձր է 8-12 աստիճանով:
«Այսօր Երևանում սպասվում է 18-19 աստիճան տաքություն, որը վերջին 170 տարիների ընթացքում բացարձակ ցուցանիշ է»,-նշեց Սուրենյանը և հավելեց, որ եթե այսօր այդքան ցուցանիշ գրանցվի, ապա օդերևութաբանության պատմության մեջ կլինի ամենատաք փետրվարի 18-ը։
Վաղն արդեն արկտիկական ցուրտ օդային հոսանքները կներթափանցեն մեր հանրապետություն: Օդային հոսանքները մեծ ազդեցություն կունենան Տավուշի, Սյունիքի և Արցախի ջերմային ֆոնի վրա, որտեղ սպասվում է ջերմաստիճանի 8-10 աստիճանով նվազում:
Նշենք նաև, որ հիդրոմետի տվյալներով՝ համաձայն նախնական կանխատեսումների, բարձր ջերմային ֆոնը պահպանվելու է ողջ փետրվարի ընթացքում: Տեղումներ սպասվում են փետրվարի 20-ին, 21-ին թույլ տեղումներ հնարավոր են միայն արևմտյան շրջաններում: