Նոյեմբերի 13-ին, ժամը 11:00-ին «Մեդիա կենտրոնի» նախաձեռնությամբ տեղի կունենա ԵՏՄ պայմանագրի սահմանադրականության հարցի վերաբերյալ քննարկում։
Համապատասխանո՞ւմ է արդյոք ԵՏՄ պայմանագիրը ՀՀ Սահմանադրությանը: Այս թեմայի շուրջ քննարկում տեղի ունեցավ «Մեդիա» կենտրոնում: Քննարկմանը մասնակցեցին «Միջազգային և անվտանգության հարցերի» հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ստյոպա Սաֆարյանը նախընտրեց անդրադառնալ երկու կետի. նախ՝ պայմանագրի մշակման բուն գործընթացին, ապա այն փաստին, որ ԵՏՄ-ի հետ անդամակցությունը հակասում է ՀՀ Սահմանադրության մի շարք կետերի:
«Թե ինչպես կայացվեց այդ որոշումը՝ հիշում ենք: Այն միանձնյա պարտադրված որոշում էր, իսկ ՀՀ Սահմանադրությունը չի ասում, որ ՀՀ նախագահը պետք է պարտադրանքների ներքո որոշումներ ընդունի՝ թեկուզ ևս ընտրություններում իր ստացած մանդատի շրջանակներում: Վաղը Սահմանադրական դատարամը քննելու է այս պայմանագրի սահմանադրականության հարցը և ասել, թե որևէ մեկը ակնկալիք ունի, որ Սահմանադրական դատարանը գործելու է այդ դատարանին բնորոշ առաքինությամբ՝ միամտություն կլինի»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը:
Արթուր Սաքունցն էլ իր խոսքում ասաց, որ փաստաթղթի մեջ կան այնպիսի հասկացություններ, որոնք, ըստ էության, հիմք են դառնում Հայաստանի՝ ԵՏՄ-ի հետ միանալուն և հատկանշականն այն է, որ փաստաթղթի մեջ չկան իրավական, արժեքային կետեր:
«Հայաստանը պատրաստակամություն չի հայտնել միանալու ԵՏՄ-ին, իսկ վաղն ականատես ենք լինելու հերթական խայտառակությանը՝ Սահմանադրական դատարանը կկայացնի հակասահմանադրական որոշում»,- նշեց Արթուր Սաքունցն ու հավելեց ԵՏՄ փաստաթուղթը մեզ մտցնելու է մի միջավայր, ուր ժողովրդական սկզբունքների մասին խոսելու իմաստ չկա: