Դերասան Վ. Պետրոսյանի ավտովթարի գործով հերթական դատական նիստի ժամանակ քաղհայցվոր, գյուղատնտեսական ծրագրերի պետական հիմնարկի ներկայացուցիչ Հայկազ Կարապետյանը, որը 2 մլն 600 հազար դրամի հայց է ներկայացրել տուժող կողմի՝ Հակոբյանների վարած «Վազ-21214» մակնիշի մեքենայի համար, ըստ Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի չի կարողացել ներկայացնել փաստաթղթեր, թե ինչպես են հաշվարկել 2 մլն 600 հազար դրամը վթարված մեքենայի համար:
Հիշեցնենք, Արթուր Հակոբյանի վարած Նիվա մակնիշի ավտոմեքենան պատկանել է «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, որն այժմ 2.600.000 ՀՀ դրամ վնասի փոխհատուցման հայց է ներկայացրել դատարան ընդդեմ Վարդան Պետրոսյանի:
Հիշեցնենք նաև, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10-ի սահմաններում Եղվարդի ճանապարհին տեղի ունեցած ԲՄՎ և Նիվա մակնիշի ավտոմեքենաների բախման արդյունքում Նիվայի ուղևորներ էդվարդ և էդգար Հակոբյանները մահացան, ուղևորներ Տաթևիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանը ստացել էին վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ»։
Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացված գումարային պահանջն անհիմն է համարում ու դա բացատրում այսպես. «Այդ տրանսպորտային միջոցները, որոնք գրանցված են գյուղնախարարության ԾԻԳ-ի վրա, դրանք ահավոր մաշված են, իրենց շուկայական արժեքը չի գերազանցի մեկուկես-երկու միլիոնը: Բացի այդ, ավտոմեքենաները շահագործել են կոպիտ կանոնների խախտումով, քանի որ տեղադրել են բավականին մեծ տրամաչափի գազի բալոն, որի հետևանքով էլ վրա հասավ այդ երեխաների մահը: Եվ հետո գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ը գումարի պահանջը ոչ թե պետք է ներկայացներ Վ. Պետրոսյանին, այլ ապահովագրական ընկերությանը, ու երբ որ դատավճռով կորոշվեր, թե ով է մեղավոր, նա էլ կդիմեր ապահովագրական ընկերություն այդ գումարը ստանալու համար»,- մեզ հետ զրույցում նշեց Նիկոլայ Բաղդասարյանը: Նրա կարծիքով նախաքննական մարմինը նախաքննության ընթացքում ուղղակի ամեն ինչ արել է Վ. Պետրոսյանի կալանավորման մասին որոշումն արդարացնելու համար:
Մանրամասները՝ galatv.am-ում: