տուն Լուրեր Տուրիզմի վարչությունը 3 տարի չի կարողանում լուծել ճանապարհների խնդիրը

Տուրիզմի վարչությունը 3 տարի չի կարողանում լուծել ճանապարհների խնդիրը

72
0

7-100

Տուրիզմի այս տարվա մեր ակնկալիքներից, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվող արտասահմանից հյուրերին տեղավորելու, հյուրանոցների, ճանապարհների վիճակի մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: «Հայաստանում ներքին և արտաքին զբոսաշրջությունը բավականին մեծ աճ է գրանցել անցած տարվա համեմատությամբ: 2014թ-ին 13 տոկոսով աճել է Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը: Դրա հետ մեկտեղ աճել է նաև Հայաստանի ներքին զբոսաշրջությունը»:

Զբոսաշրջությունը Մեխակ Ապրեսյանը չցանկացավ համեմատել Ցեղասպանության 100-ամյակին սպասվելիք հյուրերի հետ: «Ցեղասպանությանը մենք չպետք է համեմատենք զբոսաշրջության հետ: Ճիշտ է այդ օրերին մենք սպասում ենք հյուրերի, բայց նրանք զբոսաշրջիկներ չեն ու այստեղ զվարճանալու համար չեն գալու»:

2015թ-ին մենք սպասում ենք անցած տարվա համեմատությամբ զբոսաշրջության ոլորտում 10 տոկոս աճ, նշեց Մեխակ Ապրեսյանը: «Մեկ գոհ զբոսաշրջիկը մեր համար նշանակում է նրա 10 ընկերները, որոնք ցանկություն կհայտնեն գալ Հայաստան: Մեզ համար ևս մի կարևոր փաստ կա, որ Հայաստանը միջազգային հանրությունում ճանաչում է գտնում, և քիչ-քիչ զբոսաշրջությունը ակտիվանում է»:

Զբոսաշրջության զարգացման համար մեծ խոչընդոտների մասին նաև խոսեց Մեխակ Ապրեսյանը: «Ճանապարհները մեծ խնդիր են իրենցից ներկայացնում: Մեր ճանապարհները գտնվում են ոչ բարվոք վիճակում, հետո էլ ցուցանակների բացակայությունը զբոսաշրջիկներին կարող է շփոթության մեջ գցել: Տրանսպորտի և կապի նախարարության հետ համագործակցության ընթացքում ճանապարհները հուսով ենք կնորոգվեն»:

Araratnews-ի թղթակցի այն հարցին, թե մինչև այժմ տրանսպորտի և կապի նախարարության հետ չէին համագործակցում, և ինչո՞ւ այս խնդիրը մինչև հիմա լուծում չի ստացել, Մեխակ Ապրեսյանը պատասխանեց, որ փոփոխություններ, այնուամենայնիվ, կան: «Երեք տարի առաջ մենք կրկին խոսել ենք այն նույն խնդիրների մասին, ինչ այսօր: Բայց փոփոխություններ կան ճանապարհների վիճակների միջև: Երեք տարի առաջ այսպես չէր, ինչ հիմա, մեր ճանապարհների վիճակը»: Լրագրողի այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ են նույն խնդիրների մասին խոսում արդեն երեք տարի, Մեխակ Ապրեսյանը չկարողացավ պատասխանել: