տուն Լուրեր Տուրիստական ընկերությունները դեպի Անթալիա տուրեր չեն իրականացնի

Տուրիստական ընկերությունները դեպի Անթալիա տուրեր չեն իրականացնի

272
0

antalia

Հայաստանի   տուրիստական որոշ ընկերություններ ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունենցած զինված բախումներից հետո որոշել են դեպի Անթալիա (Թուրքիա)  տուրեր չիրականացնել:

Նման նախաձեռնությամբ տուրիստական որոշ ընկերություններ առաջին անգամը չէ, որ հանդես են գալիս:

«Անցած տարի Ցեղասպանության 100- ամյակի հետ կապված մի շարք ընկերություններ միմյանց խոստացել էին, որ Անթալիա փաթեթներ չեն վաճառի եւ չեն վաճառել: Այս տարի եւս կա ներքին պայմանավորվածություն՝ այդ ուղղությամբ տուրեր չիրականացնելու»,-մեզ հետ զրույցում ասաց «Սքայ Տուր» տուրիստական կազմակերպության կոմերցիոն տնօրեն Ալեքսանդր Միրաքյանը:

Նրա խոսքով՝ պաշտոնական հայտարարությամբ հանդես չեն գալիս, որովհետև ՀՀ-ում չկա օրենք, որը կարգելի քաղաքացիներին հանգստանալ թուրքական ծովափնյա քաղաքներում:

 

«Փորձում ենք համոզել հաճախորդներին Թուրքիա չգնալ, բայց քանի որ թուրքական ծովափնյա հանգիստը շատ բարձր մակարդակի վրա է եւ շատ ցածր գնով, ուստի այդ ամենը գերում է հայ զբոսաշրջիկին»,- հավելեց «Սքայ Տուր»-ի կոմերցիոն տնօրենը՝ հույս հայտնելով, որ այս տարի գուցե մեր հայրենակիցները սեփական նախաձեռնությամբ զերծ մնան թուրքական քաղաքներում հանգստի մեկնելուց:

 

«Հոլիդեյ տուրը» եւս դեպի Անթալիա փաթեթներ չի վաճառելու:

«Մենք այս տարի կտրականապես որոշել ենք տոմսեր չվաճառել դեպի Անթալիա: Անցած տարի եւս կողմ չէինք վաճառելուն, սակայն մեկ-երկու դեպք ունեցել ենք. եղել են մեր մշտական հաճախորդները, վաճառել ենք, բայց այս տարի վերջին դեպքերի հետ կապված, որոշել ենք չվաճառել»,- Araratnews.am-ին ասաց «Հոլիդեյ տուր»-ի մենեջեր Նաիրա Գյոզալյանը: