Երեկ մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, որ ձերբակալվել են Կապի եւ Տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի թիկնապահները: Ըստ armtimes.com-ի՝ ձերբակալվածները հինգն են : Թե ինչո՞ւ եւ ինչ պատճառներով են ձերբակալվել Բեգլարյանի թիկնապահները՝ չի հրապարակվում:
ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից Araratnews.am-ի հետ զրույցում հաստատեցին մամուլի հրապարակումները, միեւնույն ժամանակ նշելով, որ գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի ենթակայության ներքո: Աղվան Հովսեփյանի կառույցից որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց՝ մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Կապի եւ տրանսպորտի նախարարության լրատվական ծառայությունից եւս որեւէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց:
Նախարարի թիկնապահների ձերբակալությունը ինքնին հետաքրքիր է այն ֆոնին, որ նա ամեն առիթով հայտարարում է, թե շրջում է առանց թիկնապահների: Նկատենք, որ Բեգլարյանին գրեթե ամենուրեք ուղեկցում է մի երիտասարդ, որին Բեգլարյանը ներկայացնում է որպես իր օգնական:
Նշենք, որ մոտ 2.5 ամիս առաջ մամուլում հրապարակում եղավ, որ Գագիկ Բեգլարյանի թիկնապահները ծեծի էին ենթարկել «Վենետիկյան պալատ» ռեստորանային համալիրի սեփականատիրոջ որդուն՝ գործարարությամբ զբաղվող 25-ամյա Սերգեյ Աբովյանին, որը մի քանի հայտնի խանութներ ունի՝ «Goodlife», «Gallery of Brands»: