տուն Լուրեր Տոնակատարությունն աբսուրդի ժանրից է. Ազգագրագետ

Տոնակատարությունն աբսուրդի ժանրից է. Ազգագրագետ

105
0
khoren
Երեկ Մշակույթի նախարարությանը շուրջ 54 մլն դրամ գումար հատկացվեց` սեպտեմբերի 21-ի համերգը կազմակերպելու համար: Այս հարցը սոցիալական ցանցերում մեծ քննարկումների տեղիք տվեց: Araratnews.am-ը զրուցել է ազգագրագետ Խորեն Գրիգորյանի հետ, ով ևս ունի քննադատելու իր պատճառները:
-Ինչպե՞ս կմեկնաբանեք երևույթն ընդհանրապես:
-Տոները հասարակական նշանակություն ունեն ու հենց հասարակական կարգավորմանն ուղղված միջոցառումներ են: Տոներից իրենց առանձնահատուկ տեղն ունեն պետական նշանակության տոները, որոնք խորհրդանշում են պետական միավորի զարգացումն ու նոր ձեռքբերումները, իսկ տոների միջոցով այս ամենը արժևորվում է: Սա որպես նախաբան: Հիմա անցնենք մի հետաքրքիր տեղեկատվության, որին օրերս տեղյակ դարձանք: Պարզվում է ՀՀ կառավարությունը հաշվարկել է ու գտել, որ «հայ ազգը» ունի ավել 54 միլիոն դրամ` Անկախության օրը նշելու համար:
Նախ նշենք, որ անցյալ տարիների փորձը ցույց է տալիս, որ Տոների կարգավորող հանձնաժողովում մեր հերոս՝ մշակույթի նախարարը, որպես այս պատվելի օրն ազգիս ուրախացնելու համար՝ մամալյուբաների ու նունեեսայանների համար կոպեկ չի խնայի: Կարելի է արդեն պատրաստվել այս տարվա «ցնցող» միջոցառումներին: Կարծում եմ, մի քանի գիշերային ակումբի երգիչների Կրասնոդարից կհրավիրեն, կլվանան այս 54 միլիոնը, և էլի ժողովուրդս կշարունակի կիսաքաղց իր կյանքը վայելել, երբ միջին խավ, որպես այդպիսին, չի ձևավորվել, երբ անկախությունն այս տարվա ընթացքում նվիրաբերվեց Ռուսաստանի դաշնությանը, երբ Ղազախստանում թքեցին մեր կերտած Արցախի անկախության վրա, մենք այսօր ջանք ու եռանդ չենք խնայում Անկախության տարեդարձը 54 միլիոնով նշելու: Կարծում եմ, արժանավայել է կրասնոդարյան պարուհիների ներկայացումը հայոց իշխանության էլիտայի համար, քանի որ այդ տոնակատարություններին հիմնականում մասնակցություններ են ունենում հենց նրանք, և իրենց կլանների ներկայացուցիչները, իսկ անկախություն կերտած հայը պետք է շուտ քնի, որպեսզի առավոտը երեք հաստիքով աշխատելով վաղվա բանակի հերոս տղաներին դպրոց ուղարկի, հաց հասցնի և ընտանիք պահի, որը հենց անկախության իրական գրավականն է: Այսքանից հետո, եթե մեկը պետք է այդ տոնակատարություններին մասնակցի, ուրեմն իրոք եկել է մամալյուբաների, նունեեսայանների դարաշրջանը: