Օրերս համացանցում տարածում է գտել նախաձեռնություն, որով առաջարկվում է «Էրեբունի- Երևան» տոնակատարությունն այս տարի չեղյալ հայտարարել և ծախսվելիք գումարները հատկացնել սահմանամերձ բնակավայրերից մեկին: Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի կարծիքով՝ նման նախաձեռնությունները կարևոր են:
«Ընդհանրապես, Հայաստանը՝ որպես երկիր, որը բավական համեստ հնարավորություններ ունի, որը փաստացի պատերազմի մեջ է, նման շքեղությունները կարելի է խիստ սահմանափակել: Սկսած գիշերային ճոխ հրավառություններից, հարյուրավոր ավտոմեքենաներով քեֆերից: Սա միայն մեծահարուստներին չի վերաբերում: Կարծես ինչ-որ մրցավազք է սկսվել, թե իմարդը ինչպես գնա ու իր հնարավորություններից ավելի մեծ վարկ վերցնի և ծախսի ինչ-որ անիմաստ շքեղության վրա: Մենք պատերազմող երկիր ենք ու թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորում համեստ պետք է լինենք ու միջոցները շատ ավելի կարևոր բաների վրա ծախսենք: Կոնկրետ այս տոնախմբության համար, ենթադրում եմ, որ բավականին ծախսեր արդեն վաղուց են արել, և հիմա այդ տոնախմբությունները կասեցնելն անիմաստ կլինի: Բայց այն, որ այդ բոլոր մոտեցումները պետք է վերանայվեն, հաստատ է և վաղուց էր պետք անել»,- ասաց նա:
Վովա Վարտանովի համոզմամբ՝ լավագույն բանը, որ կարելի է անել սահմանամերձ գյուղերի բնակիչներին օգնելու համար, աշխատատեղեր ստեղծելն է:
«Անգամ կտուրը վերանորոգել պետք չէ: Որովհետև անձրևների ժամանակ մարդիկ ամեն կերպ կվերանորոգեն իրենց կտուրը: Իսկ եթե մարդն իր տնից 100 մետր հեռու աշխատանք ունենա, դա ավելի պիտանի կլինի: Բարեգործությունից սարսափելի բան չկա, երբ մեծամիտ մարդն իր պաշտպանին բարեգործություն է անում»,- ասաց նա:
Կարեն Վրթանեսյանի խոսքով՝ 180 միլիոն դրամով կարելի է, օրինակ, 100-150 հատ ապաստարան կառուցել սահմանամերձ բնակավայրերում: Կամ հակահրդեհային համակարգեր, որովհետև հրշեջ մեքենան մինչև հասնում է, տունն այրվում է: