տուն Լուրեր Տնտեսությունից դեպի ստվեր է գնում տարեկան 1,5-2 մլրդ դոլար գումար. Արամ Մանուկյան

Տնտեսությունից դեպի ստվեր է գնում տարեկան 1,5-2 մլրդ դոլար գումար. Արամ Մանուկյան

108
0

Aram

ՀՀ Ազգային ժողովում արդեն երկրորդ օրն է` քննարկվում է ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցը:

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ Ազգային ժողովը ՀՀ նախագահի առաջարկով նշանակում է ՀՀ գլխավոր դատախազ: Սերժ Սարգսյանը, ղեկավարվելով 2005 թվականի ՀՀ Սահմանադրության փոփոխություններով՝ 5-րդ հոդվածի 9-րդ կետով, եւ հիմք ընդունելով «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը` ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Արթուր Դավթյանի թեկնածությունը:

Գլխավոր դատախազի թեկնածուն այսօր լսեց ընդդիմադիր պատգամավորների սուր քննադատությունները` կապված դատական համակարգի հետ: Խորհրդարանականները չթաքցրեցին` վստահություն չունեն նաեւ, որ Արթուր Դավթյանի պաշտոնավարմամբ դատական համակարգում դրական փոփոխություններ կլինեն:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանն իր ելույթոււմ ընդգծեց` Հայաստանում ձախողված է տնտեսությունը, սոցիալակակ-քաղաքական վիճակը, որում մեղքի իր բաժինն ունի նաեւ դատախազությունը:

«Հայաստանի տնտեսության բնութագրիչներն են` կոռուպցիան, մենաշնորհները, օլիգարխիկ համակարգը, տնտեսական ոչ հավասար մրցակցությունը: Դա փաստ է, որի դեմ պայքար չկա»,- նշեց Մանուկյանը, ապա առաջարկեց կարդալ Տարոն Աճեմօղլու «Ինչո՞ւ են պետությունները ձախողում» գիրքը, որը, ըստ պատգամավորի` աշխարհում ամենաշատ վաճառվող  տնտեսագիտական աշխատություններից մեկն է:

Մանուկյանը հայտարարեց` ՀՀ դատախազությունը «համակարգային կոռումպացված է». «Դա են վկայում բոլոր միջազգային զեկույցները, դա է վկայում «Թրանսփարենսի ինթերնեշնլի» վերջին զեկույցը, եւ չի կարող այդպես չլինել, եթե մենք 120-րդ երկիրն ենք կոռումպացվածության առումով»:

Արամ Մանուկյանը նկատեց` կոռուպցիայի դեմ պայքար են մղում նրանք, ովքեր ամենակոռումպացվածն են:

«Չեմ պատկերացնում` Դուք կկարողանա՞ք այս համակարգի դեմ որևէ բան անել: Ես երեկ բացել եմ Ձեր կայքը, եւ կոռուպցիայի դեմ պայքարի մասով ոչինչ չկա, ավելին ասեմ` գնացեք, ստուգեք` 2016 թվականի զեկույցի մեջ «քոփի-փեստ» են արված 2015 թվականի ամբողջ թվերը, այսինքն` փնթի են եղել կամ ալարել են 2015 թվականի դատական գործերի կամ դրա արդյունքում ետ բերած գումարների ամբողջ հաշվետվությունը տեղափոխել 2016 թվականի հաշվետվություն»,- ասաց Մանուկյանը, հավելելով, որ նման փնթիություն դատախազության կայքում աններելի է:

Արամ Մանուկյանը դժգոհեց, որ դատախազությունն ընթացք չի տալիս ապօրինությունների վերաբերյալ իրենց տրամադրած նյութերին:

«Տվյալներ եմ տալիս. Հայաստանում առկա տնտեսությունից դեպի ստվեր է գնում տարեկան 1,5-2 մլրդ դոլար գումար, որը բյուջեի կեսի չափ գումար է: Սա նյո՞ւթ է, թե՞ չէ, ո՞վ է զբաղվելու սրանով»,- հարցրեց Մանուկյանը:

ՀԱԿ պատգամավորը նաեւ նկատեց. «Դատախազության ամենամեծ բռնածները  էծ ու ոչխարներ պահողներն են, կարո՞ղ եք էծ ու ոչխար պահողի պահողին բռնեք, չեք կարա»: