տուն Քաղաքական Վերլուծական Տնտեսական հանցագործություններ` պատժի մեղմացո՞ւմ, թե՞ խստացում

Տնտեսական հանցագործություններ` պատժի մեղմացո՞ւմ, թե՞ խստացում

168
0

 g_image

Մի քանի տարի առաջ մի ամերիկացի խոշոր գործարարի ամերիկյան դատախազությունը մեղադ­րում էր ծանր հանցագործության` կոռուպցիայի մեջ: Գործարարն իր բիզնեսը Պանա­մայում ծավալելու ընթաց­քում այդ երկրի կառավարության բարձր պաշ­տոն­­յա­ների հետ անօրինական գործաքների մեջ էր մտել՝ կաշառքներ տալով իր ընկերության գործունեության համար ավելի բարեն­պաստ պայմաններ ստեղ­ծելու նպատակով:

Թեև հանցանքը կատարվել էր օտար երկրում և այն ամերիկյան բիզնեսի շահերից էր բխում, սակայն դատախազը պահանջում էր խիստ պատիժ` գույքի բռնագրավում և երկարաժամկետ ազատազրկում՝  հիմնավորելով, որ ամերիկյան քաղաքա­ցին օրենք է խախտել, և կարևոր չէ, թե որ երկրում է այն խախտել, բացի այդ, ամերիկյան խոշոր բիզնեսում ծավալվող կոռուպցիան լուրջ վտանգ է ամերիկյան արժեքներին և ազատ շուկայական տնտեսությանը, հետևաբար դրա դեմ պետք է ուժեղ պայքար մղվի:

Դատարանի վճիռը նույնպես հետաքրքիր էր՝ դատավորը որոշեց, որ գործարարն իր հանցանքների համար չպետք է ազատազրկվի, նորից կարող է զբաղվել գործարարությամբ և 15 տարի շարունակ նրա եկամուտների մի մասը պետք է բռնագանձվի պետության օգտին: Սակայն ամենահետաքրքիրը այստեղ այն էր, որ  այդ գործարարը պարտավոր էր նվազագույնը 1000 դասաժամ դասախոսություններ կարդալ տարբեր ամերիկյան համալսա­րաններում «Կոռուպցիան խոշոր բիզնեսում» թեմայի շրջանակներում:

Դատավորի մեկնաբանությամբ իր վճիռը հիմնավորված էր այդ քաղաքացուն և նրա ընտանիքը չկոր­ծանելու, պետությանը լրացուցիչ ծախսերով չծանրաբեռնելու և ամենակարևորը այս գործարարի փորձը և գիտելիք­­ները հանրօգուտ աշխատանքին ուղղորդելու դրդա­պատճառներով (իսկապես ո՞վ կարող է այս դասընթացը ավելի լավ կարդալ, եթե ոչ դրա մեջ թրծված բիզնեսմենը):

Տվյալ պարագայում ևˊ դատախազի, ևˊ դատավորի մոտիվացիաները լուրջ տրամաբանություն ունեն:

Առաջին դեպքում տնտե­­սական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների կամ կոռուպցիայի մեջ մե­ղադրվող մարդկանց համար խիստ պատիժներ են հարկավոր՝ մասնավորապես անձնական գույքի բռնագրավում, խոշոր տուգանքների գանձում և ազատա­զրկում, քանի որ տնտեսական հանցագոր­ծու­թյունները պետությանը հսկայական վնաս են հասցնում և բարոյական, և ֆինանսական առումով, հետևա­բար պատիժը նույնպես պետք է խիստ լինի:

Խիստ պատիժների իրողությունը զերծ է պահում գործարարին հնարավոր հանցագործություններից, իսկ տնտեսական և կոռուպցիոն հանցանքների դեմ մեղմ պատիժները բերում են պետական միջոցների թալան­մանը, բյուջետային միջոցների սղու­թյանը և տնտեսա­կան անար­խայի, հիմնավորում են պատժի խիստ մի­ջոցների կողմնակիցները:

Իսկ կատարված հանցանքների դիմաց պատիժները մեղմացնելու և ապաքրեականացման կողմնա­կից­ները իրենց տեսա­կետը հիմնավորում են նրանով, որ տնտեսա­կան հանցագոր­ծություն կատարած մարդը քեական հանցագործ չէ և չպետք է քրեական հանցագործի նման ծանր պատիժ և պատաս­խանատ­վություն կրի:

Շատ դեպքերում օրենքների չիմացության պատճառով կամ թեթև խախտումների համար մարդիկ ծանր պատիժներ են կրում: Բացի այդ, այս դեպքում բիզնեսի զարգացման և օտարերկրյա ներդ­րումների համար ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում և գործարարները անընդհատ կաշկանդ­ված չեն լինում հանցանք գոր­ծելու վախի բարդույթով: Պատիժները մեղմացնելու կողմնակիցները, ի հակա­ռակ խստացման կողմնակիցների նույնիսկ պնդում են, որ այս դեպքում ընդհա­կա­ռակը նվազում են նաև կոռուպցիոն ռիսկերը և տնտեսական հանցագործությունների քանակը:

Ընդհանրապես մեր երկրում տնտեսական հանցագործություններ են համարվում ապօրինի կամ կեղծ ձեռնար­կատիրությամբ զբաղվելը, կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրաց­նելը, հարկերի, տուրքերի վճարումից խուսափելը, ապօրինի ճանապարհով ստացված եկամուտները օրի­նականացնելը, ակցիզային դրոշմանիշերի ապօրինի շրջանա­ռությունը, մաքսա­նեն­գությունը, կեղծ սնան­կություն հայտա­րարելը և այլ դեպքեր:

Ներկայումս ՀՀ Քրեական օրենսգրքում տնտեսական գործու­նեության դեմ ուղղված հանցագործությունների համար կիրառ­վում է տուգանքի, կալանքի, ազա­տազրկման, գույքի բռնագանձման, որոշակի պաշտոններ զբաղեց­նելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրա­վուն­քից զրկելու մեխա­նիզմները:

Այս հարցը ներկայումս բազմաթիվ երկրներում նույնպես լուրջ քննարկումների թեմա է` պատիժ­ների «հիպերհու­մանիզացիա», օրենքների ապա­քրեա­կանացման և ազատականացման միջոցով, թե՞ պա­տիժների ավելի խստացում` մեծացնելով ազատազրկման տևողությունը, ինչպես նաև տուգանք­ների չափը:

Ըստ մամուլում հայտնված նյութերի, այսօր Ռուսաստանում 300 հազար մարդ (որոշ աղբյուրների համաձայն նույնիսկ 500 հազար մարդ) կամ յուրաքանչյուր 6 գործարարից մեկն իր պատիժն է կրում ազատազրկման վայրերում տնտե­սա­կան հանցագործությունների մեղադրանքով: Այսինքն, բիզնեսով զբաղվող գործարարը (հատկապես փոքր և միջին բիզնեսի գործարարը) խիստ խոցելի է, օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով ցանկացած պահի կարող է դառնալ  հանցագործ` ծանր հետևանքներով հան­դերձ թե և պետության և հասարակության համար:

Որոշ երկրներում պատիժների մեղմացումը և խստացումը ցիկլիկ բնույթ է կրում, տարբեր գոր­ծոններից կախված դրանք մի քանի տարին մեկ խստացվում են, իսկ որոշ ժամանակ անց մեղմացվում: Օրինակ, մեր երկրում 2007 թ.-ին խստացվեցին տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագոր­ծու­թյունների պատիժները, ապա որոշ ժամանակ միտում կար ապաքրեա­կանացնելու, թեթևաց­նելու պատիժները (օրինակ որոշ տեսակների հանցագործությունների համար քրեա­կան պատաս­խանատ­վության փոխարեն նյութական պատասխանատվության տարբերակը կիրա­ռելով):

Այստեղ քաղաքականությունը պետք է լինեն ոչ թե ռադիկալ փոփոխությունները և կտրուկ թռիչք­ները մեկ այս, մեկ այն կողմ, այլ՝ հավասարակշռված և ողջամիտ ճանապարհը՝ ծանրության կենտրոնը ուղղելով դեպի ապաքրեականացումը: Ապաքրեականացում և ազատականացում ասելով չպետք է հասկա­նալ պատաս­խանատվությունից ազատում, այլ պատժի մեղմացում, թեթև տնտեսական հանցա­գոր­ծու­թյուն­ների դեպքում տուգանքով ազատում, վնասի փոխհատուցման մեխա­նիզմների բարելավում, ազա­տազրկ­ման փոխարեն նախևառաջ այլընտրանքային պատիժների հնարավորություն, օրենսդրական խախ­տում­ների նախօրոք հայտնա­բեր­ման և կանխարգելման ծրագրերի կիրառում, օրենսդրական հակա­սու­թյունների կրճատում:

Թե ինչպես սահմանազատել վարչական իրավախախտումները և քրեական հանցագործությունները, որքան պետք է լինի շեմը խոշոր և առավել խոշոր հանցագործությունները բնորոշվելու համար, կոնկրետ որ հանցանքների համար պետք է թեթևացնել այդ պատիժները և ինչպիսի պատիժներ կիրառել, դրանք իրավա­բանների խնդիրներ են և իրավագիտության հարցեր են: Սակայն կա նաև տնտեսական և սոցիա­լական գոր­ծոններ, որոնք պետք է անպայման հաշվի առնվեն: Այստեղ կարևորը որդեգրած քաղա­քակա­նությունը և ուղեգիծն է, թե որ ճանապահով գնալ. եթե պատիժների մեղմացման ճանապարհով՝ ապա պետք է իրական և համակարգային աստիճանական փոփոխություններ կատարվեն, որոնք իսկապես կօգնեն նվազեց­նելու կոռուպցիոն ռիսկերը և կնպաստեն բիզնեսի միջավայրի առողջացմանը:

Ս. Մանուկյան