Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր Մոսկվայում հանդիպել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին։
Ռուսաստանի կառավարության պաշտոնակայն կայքէջի փոխանցմամբ՝ Մեդվեդևը հիշեցրել է, որ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպել է նրա՝ Հայաստանի կառավարությունը ղեկավարելու տարիներին։ «Դուք հիմա շատ մեծ ղեկավար եք՝ Դուք ղեկավարում եք վերազգային մի կառույց, որը վերահսկում է այլ կառավարությունների գործունեությունը, մասնավորապես՝ Եվրասիական խորհրդի», — ասել է Մեդվեդև ու այս կապակցությամբ հաջողություն մաղթել Սարգսյանին՝ նրա գործը որակելով բարդ, բայց հետաքրքիր, որը, ըստ Ռուսաստանի վարչապետի, միտված է «ինտեգրմանն ու մեծ արդյունքների ձեռքբերմանը՝ ի նպաստ Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների»։
Մեդվեդևը նշել է, որ շատ կարևոր է լիարժեք աշխատանք հաստատել խորհրդի նոր կազմի հետ՝ արդի խնդիրները լուծելու համար։ «Ներկա պահին ես խորհրդակցություններ եմ անցկանում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության մեր գործընկերների հետ։ Դուք գիտեք, հիմա խնդիր ունենք Ուկրաինայի հետ՝ մեր բեռների տարանցման հետ, դրանք Ուկրաինայի տարածքով տեղափոխելու հետ։ Մենք ստիպված ենք պատասխան քայլեր ձեռնարկել», — ասել է Մեդվեդևը՝ նշելով. — «Սա այն հարցն է, որը պետք է համաձայնեցնել և լուծել նաև Եվրասիական միության ձևաչափով»։
Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ցուցաբերված վստահության համար։ «Ես գիտակցում եմ այսօր ինձ վրա դրվող ողջ պատասխանատվությունը և այն լուրջ սպասելիքները, որ ունեն անդամ երկրները. նրանք դրական արդյունքներ են ակնկալում ինտեգրացիոն գործընթացից։ Ձեր օգնությունը, իհարկե կօգնի մեզ ավելի արդյունավետ առաջ շարժվել», — ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահը։