Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան Օփեն» միջազգային 2-րդ մրցաշարում աստիճանաբար սրվում է առաջին տեղի համար պայքարը:
Արդեն կայացած երեք տուրից հետո 154 մասնակիցների մեջ միավոր չի կորցրել ընդամենը յոթը: Նրանց թվում են Հայաստանի երեք շախմատիստներ՝ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Արտաշես Մինասյանը, միջազգային վարպետ Արման Միքայելյանը: Նրանց հետ առաջին յոթ տեղերը բաժանում են նաեւ ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը, չեխ Ալեքսեյ Կիսլինսկին, բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրով եւ իրանցի Մ.Ամին Տաբատաբաեին:
Առաջատարներին կրնկակոխ հետապնդում են 22 շախմատիստ, որոնք ետ են մնում ընդամենը կես միավորով: Այստեղ արդեն գտնվում են մեր առաջատար եւ խոստումնալից շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրեասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ այլն:
Այսօր նախատեսված 4-րդ տուրում սպասվում են մի քանի հետաքրքիր դիմակայություններ: Ահա դրանցից մի քանիսը.
Տիգրան Լ. Պետրոսյան – Արտաշես Մինասյան
Հրանտ Մելքումյան – Հովիկ Հայրապետյան
Տիգրան Քոթանջյան – Արման Փաշիկյան