ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը սեպտեմբերի 30-ին աշխատանքային այց է կատարել Լոռու մարզ` հոկտեմբերի 2-ին կայանալիք Վանաձորի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:
Նա հանդիպումներ է ունեցել Վանաձոր համայնքն ընդգրկող թիվ 30 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների լիազոր ներկայացուցիչների հետ:
Այսօր` հոկտեմբերի 1-ին, Տիգրան Մուկուչյանը, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանի ուղեկցությամբ, աշխատանքային այց է կատարել Շիրակի մարզ` տեղում ծանոթանալու Գյումրիի ավագանու ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը հանդիպել են Գյումրի համայնքն ընդգրկող թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի անդամների, ընտրությունների համար կազմավորված բոլոր ՏԸՀ նախագահների եւ քարտուղարների, ինչպես նաեւ ընտրություններին մասնակցող կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքի լիազոր ներկայացուցիչների հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Վանաձորի եւ Գյումրու ընտրությունների կազմակերպմանն առնչվող հարցեր, տրվել են պարզաբանումներ` ՀՀ ընտրական օրենսգրքի մի շարք կանոնակարգումների վերաբերյալ: