տուն Լուրեր Թվերն ընդդեմ Կարապետյանի կառավարության (տեսանյութ)

Թվերն ընդդեմ Կարապետյանի կառավարության (տեսանյութ)

103
0

Մինչ Հայաստանի  կառավարությունը եւ անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը փորձում են  պարծենալ իրենց  ձեռքբերումներով, տնտեսական աճի տեմպերը սկսել են նվազել, այն էլ` բավական նկատելի տեմպերով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամփոփ տվյալները, ըստ որի՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն օգոստոսին կազմել է 5,5 տոկոս, մինչդեռ հուլիսին 6,2 տոկոս էր:

Միաժամանակ դանդաղել են արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերը. արդեն օգոստոսին, հուլիսի համեմատությամբ, այստեղ 0,9 տոկոս անկում է գրանցվել: Էլեկտրաէներգիայի արտադրությունն օգոստոսին, նախորդ ամսվա համեմատությամբ, նվազել է 9,2 տոկոսով, առեւտրաշրջանառությունը՝ 2,2 տոկոսով:

Հունվար-օգոստոս ամիսներին շարունակվել է գյուղատնտեսական արտադրանքի ծավալների եւ շինարարության ոլորտի անկումը, համապատասխանաբար, 9,4 եւ 8 տոկոսով:

Այս մասին կառավարության նախորդ նիստում ընդունեց նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը` ոլորտի պատասխանատուներին հերթական անգամ անպտուղ հանձնարարական իջեցնելով:

Ինչո՞վ է պայմանավորված տնտեսական աճի տեմպերի նվազումը` Araratnews.am-ը փորձեց ճշտել փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանից:

«Եթե 6 ամսից հետո 7-րդ ամսում նվազում է, իսկ 8-րդ ամսում էլի կաճի, կամ 9-րդում էլի կնվազի կամ ընդհանրապես կաճի, դեռեւս վաղ է որեւէ դատողություն անել: Ամեն դեպքում անգամ նվազման դեպքում տնտեսության ակտիվության ցուցանիշը բարձր է եւ ցույց է տալիս տնտեսության բարվոք վիճակը»,- ասաց փոխվարչապետը:

Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի նման մոտեցումն առավել քան տեղավորվում է գործող կառավարության որդեգրած քաղաքականությունում: Ոչ իրատեսական թվեր հրապարակելն ու այդկերպ ցույց տալ, որ երկրի տնտեսության վիճակը բարվոք է, բնորոշ են եղել Հայաստանի բոլոր կառավարություններին: Միայն թե իրականությունը բոլորովին այլ է, եւ որեւէ կերպ չի արտացոլում այն պատկերը, որը պաշտոնյաները տաքուկ կաբինետներում նստած նկարում են:

Փայլակ Ֆահրադյան