տուն Քաղաքական Միջազգային Թուրքիայում հերթական անգամ ոստիկաններ են ձերբակալվել

Թուրքիայում հերթական անգամ ոստիկաններ են ձերբակալվել

83
0

paralel

Թուրքիայում «զուգահեռ կառույց» ոչ պաշտոնական կազմակերպությանը հարելու մեղադրանքով ձերբակալվել է 14 ոստիկան: Այս մասին հաղորդում է Hürriyet պարբերականը:

Ահաբեկչության դեմ պայքարի վարչության իրականացրած գործողության ընթացքում Անթալիա, Մերսին, Դիարբեքիր, Հաթայ և Շանլըուրֆա նահանգներում իրավապահ մարմինների 14 աշխատակից է ձերբակալվել: Նրանց թվում են անվտանգության վարչության բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Անթալիայի անվտանգության վարչության նախկին պետն ու ներկայիս պետի տեղակալը:

Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել անձնական կյանքի անձեռնամխելիության ոտնահարման, հանցավոր կազմակերպության ստեղծման, անօրինական գաղտնալսումների և փաստաթղթերի կեղծման մեջ: Հետաքննությունը շարունակվում է:

Նախորդ տարվա դեկտեմբերի հակակոռուպցիոն աղմկահարույց գործից հետո սկսվել են իրավապահների մասսայական ձեռբակալություններ: Դրանց հիմնական մասը մեղադրվում է «զուգահեռ կառույց» ոչ պաշտոնական կազմակերպությանը հարելու մեջ: Նշենք, որ այդ կառույցը ուղղակիորեն կապված է իսլամական աստվածաբան Ֆեթհուլլահ Գյուլենի հետ: