Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ, որի ժամանակ մտահոգություն է հայտնել հունիսի 2-ին Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քննարկման կապակցությամբ:
Յըլդըրըմը Գերմանիայի կառավարությանը «խոհեմության» կոչ է արել՝ նշելով, որ իրենք մեծ կարևորություն են տալիս Գերմանիայի հետ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակմանը:
Թուրքիայի վարչապետը շեշտել է, որ Գերմանիայի խորհրդարանում այդ նախաձեռնությունը, որը պարունակում է «1915թ. իրադարձությունների մասին անբարեխիղճ քաղաքական դատողություններ», հարուցել է ինչպես թուրքական կառավարության, այնպես էլ Գերմանիայում բնակվող միլիոնավոր թուրքերի մտահոգությունը:
«Հույս ունենք, որ Գերմանիայի կառավարությունն ու խորհրդարանը կշռադատված մոտեցում կցուցաբերեն այդ հարցում»,- ասել է Թուրքիայի վարչապետը: