Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքի հյուսիսում ավիահարվածներ են հասցրել այդ երկրում արգելված և ահաբեկչական կազմակերպություն համարվող «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» դիրքերին , տեղեկացնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում անելով թուրքական NTV հեռուստաալիքին:
Թուրքիայի Գլխավոր շտաբում հեռուստաալիքի աղբյուրը հայտնել է, որ ավիահարվածները հասցվել են քրդերի զինապահեստներին և ապաստարաններին: Ռազմական այդ գործողությանը ներգրավվել է F-16 և F-4 վեց կործանիչ: Թուրքական Գլխավոր շտաբի տվյալներով՝ ոչնչացվել է 12 քուրդ զինյալ:
Նշենք, որ թուրքական օդուժը 2015թ.ի հուլիսից սկսած բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել Իրաքի հյուսիսում քրդերի դիրքերին, երբ Թուրքիայի հարավ-արևելքում վերսկսվեցին թուրք-քրդական զինված բախումները: