Թուրքիայի նոր վարչապետն ամենայն հավանականությամբ կդառնա տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմը: Այս մասին հայտնել է թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին: Վերջինս տեղեկացնում է, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) կուլիսներում պտտվող խոսակցությունների համաձայն, կուսակցությունում շուրջ 90 տոկոսը կարծում է, որ 6 հավանական թեկնածուներից վարչապետ կնշանակվի Բինալի Յըլդըրըմը:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հրաժարականից հետո շրջանառվում է 6 թեկնածուի անուն՝ տրանսպորտի նախարար Բինալի Յըլդըրըմ, Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսան՝ Էներգետիկայի նախարար Բերաթ Ալբայրաք, Արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղ, Առողջապահության նախարար Մեհմեթ Մյուեզզինօղլու և փոխվարչապետ Նուման Քուրթուլուշ, Պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազ:
Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Ահմեթ Դավութօղլուն հայտարարեց, որ կուսակցության առաջիկա համագումարին չի առաջադրելու իր թեկնածությունը կուսակցության ղեկավարի պաշտոնի համար: Այդպիսով Դավութօղլուն հայտարարեց մայիսի 22-ին տեղի ունենալիք համագումարից հետո վարչապետի պաշտոնը թողնելու մասին, քանի որ Թուրքիայում վարչապետի պաշտոնը ստանձնում է իշխող կուսակցության նախագահը: