տուն Լուրեր Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը Ցեղասպանության հիշատակի միջոցառում է անցկացրել

Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը Ցեղասպանության հիշատակի միջոցառում է անցկացրել

121
0

efebc94e36823615afe56c71b7a3bd48

Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ Ստամբուլում հիշատակի միջոցառում է կազմակերպել:

Թուրքական «Sözcü.com» լրատվակայքի տեղեկացմամբ՝ միջոցառմանը İHD-ի ղեկավարներից ու անդամներից բացի մասնակցել են նաև ֆրանսիացի սենատոր և հայ-ֆրանսիական բարեկամության խմբի ղեկավար Ֆիլիպ Քալթենբախը, Եվրախորհրդարանի պատգամավոր Ժյուլի Վարդը, Եվրոպական հասարակական հակառասիստական շարժման նախագահ Բենջամին Աբդանը: Միջոցառումը սկսվել է նավակով երթով, որի ընթացքում Լեման Շթեհնը հնչեցրել է հայերեն շարականներ: Միջոցառման մասնակիցները կրել են Ցեղասպանությանը զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարները:

Հայդարփաշա կայարանում միջոցառման մասնակիցները երեք լեզվով՝ հայերեն, թուրքերեն և անգլերեն մամուլի հաղորդագրություն են հրապարակել: Թուրքերեն  տեքստը ներկայացրել է İHD-ի իրավապաշտպաններից Էրեն Քեսքինը: Հաղորդագրության տեքստում մասնավորապես ասված է.

«101 տարի առաջ այս օրը՝ 1915թ. ապրիլի 24-ին, սկիզբ առան հայ մտավորականների ձերբակալությունները: Հայ բնակչության բոլոր խավերի ներկայացուցիչները, մասնավորապես մտավորականները, բանաստեղծները, գրողները, լրագրողնները Սարայբուրնուից նավերով բերվեցին այստեղ՝ Հայդարփաշա: Ապա տարվեցին Անատոլիայի խորքերը՝ դեպի մահ: Շատ քիչ թվով մարդիկ կարողացան փրկվել: Նրանցից շատերը սպանվեցին: Ցեղասպանության գործընթացը, ըստ էության, այդ ձերբակալություններով սկսվեց»:

Հայտարարությունում նաև նշվել է, որ ըստ Պոլսո հայոց պատրիարքարանի տվյալների՝ Օսմանյան կայսրությունում շուրջ 2 մլն հայ էր բնակվում: Նրանք զբաղեցնում էին 2.925 բնակավայր՝ քաղաքներ, գյուղեր, շրջաններ: Հայկական համայնքն ուներ 996 դպրոց, որոնցում սովորում էր 173.000 աշակերտ: Գործում էին նաև 2.538  եկեղեցի և վանական համալիր:

«Ահա այսպիսի աշխույժ հայկական համայնքը և իր հասարակական կյանքը ոչնչացվեց», — ասված է İHD -ի հայտարարությունում:

Հաղորդագրության տեքստի հրապարակումից հետո մեկ րոպե լռությամբ հարգվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը, ապա ևս մեկ անգամ հնչեցվել են հայերեն երգեր և զոհերի հիշատակին մեխակներ են նետվել ծով:

 

Աղբյուր`    Ermenihaber.am