Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Մոդուս վիվենդի» կենտրոնի նախագահ, քաղաքագետ Արա Պապյանը անդրադարձավ նաև հայ-թուրքական երկխոսություններին: Ըստ քաղաքագետիˋ միջպետական շփումներում հայ-թուրքական դիալոգ, որպես այդպիսին, գոյություն չունի: Երկկողմանի երկխոսությունները, բանախոսի որակավորմամբ, ավելի շատ հիշեցնում են նվազագույնի հասցված խոսակցություններ:
«Այս կոնտեքստում կարևոր չէ՝ եղել է Ցեղասպանություն, թե ոչ, քանի որ Թուրքիան էապես օգտվում է այն իրավիճակից, որը ստեղծվել է Ցեղասպանությունից հետո: Մենք պետք է կարևորենք ոչ թե Ցեղասպանության հանգամանքը, այլ դրա հետևանքների հաղթահարումը՝ լինի դա բարոյական, տարածքային, թե նյութական»,-նշեց քաղաքագետը:
Թուրքիայի առավելությունը բանախոսը պայմանավորեց նրանով, որ իր ձայնը միջազգային ասպարեզում ավելի լսելի է, քանի որ ունի մի շարք օտարալեզու թերթեր ու կայքեր՝ այն բարձրաձայնելու համար:
«Թուրքիան իր բոլոր նամակներն ու ուղերձները դիվանագիտորեն է կառուցում: Դրանք հարմարեցված են եվրոպական ականջի համար: Թուրքիան միշտ ընգծում է այն միտքը, որ պետք է նայել առաջ, իսկ անցյալի համակեցությունը չպետք է խոչընդոտի երկկողմանի բարեկամական հարաբերություններին, ուստի եվրոպացու մոտ ստեղծվում է տպավորություն, թե թուրքերն ուզում են հաշտվել, իսկ հայերը, չգիտես ինչու, չեն ուզում»,-եզրափակեց քաղաքագետը:
Վարդուհի Ստեփանյան