Նոյեմբերի 17-ին թուրքական Haberturk լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Հայերի չհիմնավորված պահանջների դեմ պայքարի կազմակերպության» (ASİMDER) ղեկավար Գեկսել Գյուլբեյին, տեղեկատվություն է տարածել, թե Թուրքիան, իբր, բացել է սահմանները Հայաստանից դուրս եկող հարյուրավոր մեծ բեռնատարների համար։ Նրա խոսքով՝ Անկարան թույլ է տվել 400 հայկական ավտոմեքենաների ամեն օր սեւծովյան առափնյա բեռնափոխադրումներ կատարել Թուրքիայի Տրապիզոն նավահանգստից։ Նման թույլտվություն, Գյուլբեյի խոսքով՝ տվել է Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը։
Այս տեղեկատվության հրապարակումից անմիջապես հետո ադրբեջանական Haqqin.az-ի խմբագրություն է զանգահարել Բաքվում Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղար Համիթ Կարադենիզը՝ խնդրելով անմիջապես տեղադրել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրկան Օզարալի՝ այդ լուրը հերքելու հայտարարությունը։ «ԶԼՄ-ների կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե Թուրքիան իբր բացել է սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը։ Վրաստանում Թուրքիայի դեսպանատան կողմից Հայաստանի քաղաքացիներին վիզա տրամադրելը՝ դեպի Տրապիզոնի նավահանգիստ մեծ բեռնատարներով ճանապարհորդելու համար, քննարկման ենթակա չէ»,- ասված է հայտարարության մեջ։