Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի, կապի ու նավագնացության նախարար Բինալի Յըլդըրըմը երեկ հայտարարել է, որ «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղին, որի կառուցումը կավարտվի այս տարեվերջին, միմյանց կկապի Ասիան ու Եվրոպան։
Նախարարի խոսքերով՝ ԲԹԿ-ի նախագիծը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, Վրաստանի ու Ադրբեջանի, այլև՝ աշխարհի համար։ Յըլդըրըմն ընդգծել է, որ ԲԹԿ-ն նաև կամրապնդի տվյալ նախագիծն իրագործող երկրների միջև քաղաքական ու տնտեսական հարաբերությունները։
Յըլդըրըմը Թուրքիայում հանդիպել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ընկերության նախագահ Ջավիդ Գուրվանովի հետ և քննարկել է ԲԹԿ-ի կառուցման հարցը։ Ընդգծվել է, որ ԲԹԿ-ի վրացական հատվածը պատրաստ է, և գնացքները կարող են դրանով մոտենալ Թուրքիայի սահմանին։
Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ ԲԹԿ-ի թուրքական հատվածի կառուցումն ավարտվել է 80 տոկոսով, իսկ մնացած աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ։ Հանդիպման ժամանակ որոշվել է կազմակերպել Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ եռակողմ հանդիպում՝ հստակեցնելու համար ԲԹԿ-ի շահագործման պայմաններն ու սակագնային քաղաքականությունը։
Պլանավորված է, որ ԲԹԿ-ն սկզբնական փուլում տարեկան կփոխադրի 6.5 միլիոն տոննա բեռ և 1 միլիոն ուղևոր, իսկ հետագայում բեռնափոխադրման տարեկան ծավալը կհասցվի 17 միլիոն տոննայի։