Թուրքիայի զինված ուժերը նոր ստորաբաժանումներ են ուղարկել Կատար: Ըստ թուրքական «Yeniakit» լրատվամիջոցի՝ այդ մասին հայտարարել է Կատարի պաշտպանության նախարարությունը:
Տեղեկության համաձայն՝ թուրքական ստորաբաժանումներ տեղակայվելու են մայրաքաղաք Դոհայից 30կմ հեռավորության վրա գտնվող ալ Ուդեյդ օդային ռազմաբազայում:
Նախատեսվում է, որ առաջիկայում թուրք և կատարցի զինվորները համատեղ զորավարժություններ կիրականացնեն:
Թուրք զինվորների հետ Կատար է ուղարկվել նաև զրահատեխնիկա, մասնավորապես տանկեր և զրահապատ մեքենաներ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի կառավարության առաջարկով հունիսի 7-ին մեջլիսի լիագումար նիստում արտահերթ կարգով քննարկման դրվեց և հաստատվեց 2 երկրների միջև ավելի վաղ կնքված համաձայնագրով Կատարի տարածքում թուրքական զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայելու նախագիծը:
Կատարի տարածքում բանակի և ժանդարմերիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին համաձայնագրերը նախատեսվում էր ավելի ուշ քննարկել, սակայն Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական մի քանի երկրների և Կատարի միջև ստեղծված ճգնաժամի պատճառով դրանք քննարկվեցին արտահերթ կարգով: