Թուրքիան Սիրիայի հետ սահմանին պատի կառուցումն ավարտելուց հետո մեծ թափով իրականացնում է Իրանի հետ սահմանի 144 կմ երկարությամբ պատի կառուցման աշխատանքները:
Ըստ թուրքական «Ahaber.com.tr» լրատվական կայքի՝ արդեն մոնտաժվել է պատի 28 կիլոմետրանոց հատվածը: Պատի կառուցման աշխատանքների ավարտը նախանշված է 2018-ի կեսերին:
Պատը կառուցվում է թուրք-իրանական սահմանի՝ Իգդիր և Աղրը նահանգներն հարող հատվածներում, որոնք համարվում են «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (PKK-ՔԲԿ) զինյալների անցման կետերը: Նշվում է, որ թուրք-իրանական սահմանի այս հատվածը Աֆղանստանից ու Պակիստանից թմրանյութերի անցկացման, ինչպես նաև ասիական երկրներից փախստականների Եվրոպա հասնելու երթուղիներից մեկն է հանդիսանում: Սահմանային պատը կառուցվելու է 8.5 և 11 տոննայանոց բետոնե բլոկների միջոցով: 2 մ բարձրությամբ բետոնե պատի վրա ամրացվելու են 60 սմ կամ 1մ բարձրությամբ փշալարեր:
Նշվում է, որ պատը համալրված է լինելու դիտարկման աշտարակներով, անվտանգության տեսախցիկներով և ունենալու է զրահապատ ապակիներով 15 դուռ: Պատի ողջ երկայնքով ավտոմեքենաների անցման համար ճանապարհ կկառուցվի: