Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հայտարարել է, որ տեսանելի ապագայում Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության հնարավորությունը հավասար է զրոյի, տեղեկացնում է Korrespondent-ը:
«Նրանք անդամակցության հայտ են ներկայացրել 1987թ.-ին: Առաջընթացի ներկա տեմպերի պարագայում նրանք, հավանաբար, կկարողանան անդամակցել ԵՄ-ին 3000թ.-ից ոչ շուտ»,- ասել է Քեմերոնը:
Նշենք, որ մարտին ԵՄ-ն և Թուրքիան նախնական համաձայնություն էին ձեռք բերել անդամակցության բանակցություններն արագացնելու և վիզային ռեժիմը վերացնելու վերաբերյալ: Թուրքիան պարտավորվել է կատարել ԵՄ 72 պահանջ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությանը, մի շարք օրենսդրական փոփոխություններին:
Սակայն Թուրքիան հրաժարվում է այդ պահանջների մի մասի կատարումից: Չնայած Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Անկարան կատարել է պահանջների մի մասը, Եվրախորհրդարանը չի վավերացնում կայացված որոշումը` նշելով, որ Թուրքիան պետք է կատարի բոլոր պահանջները: