Ցեղասպանության փաստերը ժխտելը բարոյապես անպատասխանատու է և վտանգավոր, հատկապես, երբ դա արմատանում է տվյալ երկրում: Սա հենց Թուրքիայի դեպքն է: Ավելի քան մեկ դար այն թաղել է Հայոց ցեղասպանության մասին ճշմարտությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին The Mercury News-ում հրապարակված հոդվածում գրել է համաշխարհային պատմության մասնագետ Ֆրանկ Ջ. Պերեսը:
Նա նշում է, որ The Mercury News-ում օրեր առաջ հրապարակված հակահայկական գովազդը նպատակ է ունեցել խեղել ճշմարտությունը, սակայն անհերքելի փաստերն ապացուցում են, որ կատարվածը, ինչը փաստել են նաև գիտնականները, 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն էր:
Հեղինակը պատմում է, որ հայերն Օսմանյան կայսրությունում բազմիցս հետաքննությունների ու բռնության են ենթարկվել: Հայկական փոքրամասնությունն այդ երկրում զրկված է եղել քաղաքական ազդեցությունից և պաշտպանությունից: Սովորական երևույթներ են եղել հարկահավաքների անօրինությունները, հողերի բռնագրավումը, կառավարության կողմից հավանության արժանացած` երիտասարդ հայ տղաների ու աղջիկների առևանգումները: Պատմաբանը պատմում է, թե ինչպես Ամդուլ Համիդ Երկրորդ սուլթանը 19-րդ դարի վերջին դաժանաբար սպանել է ավելի քան 200 հազար հայերի:
Պերեսը նշում է, որ 1908 թվականին սուլթանի իշխանությունն ավարտվում է և քաղաքական ասպարեզ է գալիս «Միություն և առաջադիմություն» կազմակերպությունը, որը, թվում էր, թե հայերի նկատմամբ խտրական վերաբերմունք այլևս չի դրսևորի: Սակայն Առաջին աշխարհամարտում Օսմանյան կայսրության կրած կորուստների համար երիտթուրքերը սկսեցին մեղադրել իրենց շարքերում գտնվող հայերին` ասելով, թե նրանք համագործակցում են իրենց թշնամու` Ռուսաստանի հետ:
Պատմաբանը ներկայացնում է, թե ինչպես է կազմակերպվել և իրականացվել Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել 1.5 միլիոն հայ, և որն ամբողջությամբ համապատասխանում է Ցեղասպանության հացանգործության մասին ՄԱԿ-ի ընդունած կոնվենցիային:
«Ի տարբերություն Գերմանիայի, Թուրքիան երբեք չի ճանաչել իր արյունոտ անցյալը: Ժխտումը խրախուսվում է, իսկ ճանաչումը` քրեորեն պատժվում: Ցավոք, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հերթական անգամ ամրապնդեց Թուրքիայի անպատժելիությունը` չներառելով «ցեղասպանություն» եզրույթն իր հայտարարության մեջ, որն արվել էր 1915 թվականի դեպքերի հիշատակի կապակցությամբ»,- ասում է հեղինակը: Նա փաստում է, որ Ցեղասպանության ժամանակ տեղահանված հայերի վերջնական հանգրվանն էր դառնում սիրիական անապատը, որտեղ նրանք քայլում էին աննպատակ, իսկ հազարավորները մահանում էին: Պերեսը եզրափակում է խոսքը նրանով, որ այդ անապատի արևի տակ մնացած ոսկորները կորսված կյանքերի հիշատակն են և բակացանչական նշան` ճշմարտության կողքին: