տուն Լուրեր Թուրքիան Ադրբեջանի ձեռքով Հայաստանը վերացնելու քաղաքականություն է վարում

Թուրքիան Ադրբեջանի ձեռքով Հայաստանը վերացնելու քաղաքականություն է վարում

96
0

Գագ. Համբարյան

«Թուրքական իշխանությունները փոխում են իրենց վերաբերմունքը, դիվանագիտական պայքարը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման փաստի դեմ:  Նախկինում թուրքական իշխանությունները ընդհանրապես հայտարարում էին, որ ոչ մի ցեղասպանություն էլ չի եղել, ոչ մի հայ Թուրքիայի տարածքում ընդհանրապես չի ապրել, սակայն դա հերքելը շատ հեշտ էր, որովհետև գոնե թուրքական արխիվներում նշվում էր՝ կոտորվածների թիվը 6-700 հազար է: Այդ ամենից հետո Թուրքիայի իշխանությունները փոխել են իրենց քաղաքականությունը և հիմա ընդունում են, որ Թուրքիայի տարածքում առաջին աշխարհամարտի տարիներին տեղի են ունեցել ողբերգություններ՝ ինչպես իրենք են նշում, և այդ ողբերգություններից մեկը կապված է հայ ժողովրդի հետ»,-araratnews.am-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Պոլսի Հայոց պատրիարքարանին ապրիլի 24-ի Էրդողանի ցավակցական ուղերձին, որտեղ նշվում էր.«Ողջունում ու ցավակցում եմ մեր այն քաղաքացիներին, որոնք այսօր հավաքվել են Պոլսի հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ հարգանքի տուրք մատուցելու առաջին համաշխարհային պատրերազմի տարիներին  ողբերգական պայմաններում զոհված օսմանցի հայերի հիշատակին»:

Քաղաքագետի խոսքով՝ վերջին տարիների Էրդողանի նամակները  նույն բովանդակությունն ունեն.«Ինքը ցավակցում է հայ ժողովրդին, սակայն միևնույն ժամանակ, անընդհատ նշում է, որ հայերը միայնակ չեն եղել օսմանյան կայսրության տարածքում, որոնք ունեցել են մեծ կորուստներ, և կորուստներ ունեցել են նաև հենց նույն թուրքերը, որոնք հենց առաջին աշխարհամարտում տվել են մեծ զոհեր: Սա փորձ է խեղաթյուրել պատմությունը, խեղաթյուրել պատմական գործընթացները, որոնք տեղի են ունեցել 20-րդ դարի սկզբին: Պետք է նշեմ, որ միևնույն ժամանակ Էրդողանը  փորձ է անում իր նամակում չեզոքացնել օտարերկրյա պետությունների կողմից ցեղասպանության ընդունման փաստը, որովհետև ինքը կոչ է նում՝ ոչ մի երկրի չխառնվել այս հարցին և չփորձել փնտրել մեղավորին և անմեղին»:

Գագիկ Համբարյանի կարծիքով՝ Թուրքիան միջազգային հանրությանն ուզում է համոզել, որ հայ և թուրք ժողովուրդների միջև ոչ մի խնդիր էլ չկա.«Իհարկե դա չի համապատասխանում իրականությանը, որովհետև Թուրքիան  առավել ևս Արցախի վերջին իրադարձությունների հետ կապված ցույց տվեց, որ ինքը ոչ միայն հակահայ քաղաքականություն է վարում, այլ նաև Հայաստանն ընդհանարապես ոչնչացնելու, վերացնելու քաղաքականություն, և այդ քայլն ինքն անում է Ադրբեջանի ձեռքերով:

Ինձ համար նորություն չէ, որ այս տխրահռչակ նամակն ընթերցում է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, ով եթե սկզբնական շրջանում համարվում էր քիչ թե շատ իր սեփական դիրքորոշումն ունեցող հոգևորական, ապա վերջին շրջանում ինքը բացարձակ ոչնչով չի տարբերվում պատրիարք Մութաֆյանից, որն ընդհանրապես թուրքամետ քաղաքականություն էր վարում: Բայց մենք չպետք է նեղանանք, որովհետև Արամ Աթեշյանը համարվում է թուրք պաշտոնյա, ինքն աշխատավարձ է ստանում և մեծ կախվածության մեջ  է գտնվում էրդողանից և նրա ղեկավարած կառավարությունից»:

Պարոն Համբարյանի խոսքով՝ նաև նորություն չէ թուրքական դիվանագիտության այս ձևը, որով ուզում են ցույց տալ, թե բարիդրացիական հարաբերությունների մեջ են հայերի հետ.«Այս ամենը շատ դեպքերում անպատասխան է մնում մեր կողմից, և շատ դեպքերում թուրք դիվանագիտությանը հաջողվում է  միջազգային հանրությանը համոզել, որ եթե դուք հայ-թուրքական հարաբերություններին չխառնվեք, ապա ամեն ինչ նորմալ կլինի: Եվ մենք ամեն անգամ չպետք է զլանանք և բոլոր տեղերում պետք է շեշտադրված ասենք, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ մի հարաբերություն էլ չկա»: