Թուրքիայի հիմնական ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` այլ երկրների հասցեին քննադատական հայտարարությունների համար. հաղորդում է Ria.ru-ն:
Ավելի վաղ Էրդողանը մեղադրել էր Գերմանիային և Նիդերլանդների ֆաշիզմի վերածննդի մեջ այն բանից հետո, երբ երկու երկրի իշխանություններն արգելել էին Թուրքիայի կառավարության ներկայացուցիչներին քարոզչական ելույթներ ունենալ ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք հանրաքվեին ընդառաջ:
«Տեսեք` մենք վեճի ենք բռնվել ամբողջ աշխարհի հետ՝ Եվրոպայի, Իրանի, Ռուսաստանի… անգամ զբոսաշրջիկները Թուրքիա չեն գալիս է: Թուրքիան մենակ է մնացել: Ինչո՞ւ ենք մենք նման բաներ ասում: Նա, ով չի կարողանում հետևել իր սեփական խոսքին, ինչպե՞ս կարող է երկիր կառավարել: Ռուսաստանի հետ առանց որևէ պատճառի ընդհարվեցինք, իսկ հետո նրանից ներողություն խնդրեցինք: Հիմա հակամարտությունների ժամանակը չէ, այլ մտածելու ժամանակն է»,- Անկարայում NTV հեռուստաընկերության եթերում այս մասին ասել է Քըլըչդարօղլուն: