Թուրքիայի գյուղատնտեսական պալատների միության ղեկավար Շեմսի Բայրաքթարը հանդես է եկել գրավոր հայտարարությամբ՝ ցավ հայտնելով, որ քանի դեռ Ռուսաստանը չի հանել թուրքական արտադրանքի ներմուծման արգելքը, դրանից շարունակելու են մեծապես տուժել արտադրողները:
Ըստ նրա՝ 2016-ի հունվարի 1-ից սահմանված արգելքը հարված է հասցնում ոչ միայն սնդդամթերքի ու գյուղմթերքի ոլորտում գործունեություն ծավալողներին, այլև թուրքական տնտեսությանը:
Բայրաքթարն ուշադրություն է հրավիրում հետևյալ փաստի վրա. 2016-ի առաջին կիսամյակում Ռուսաստան արտահանված սնդդամթերքի ու գյուղմթերքի ծավալները նախորդ տարվա համեմատ նվազել է 422.3 մլն դոլարով և կազմել 197.3 մլն դոլար:
Թուրքական թարմ մրգի և բանջարեղենի ամենակարևոր շուկաները եղել են Ռուսաստանը և Իրաքը:
«2015թ. հունվար-օգոստոս հատվածում Ռուսաստան է արտահանվել 714.941 տոննա թարմ միրգ ու բանջարեղեն՝ ստանալով 513 մլն դոլարի եկամուտ: Իսկ ահա 2016-ի նույն ժամանակահատվածում արտահանումը նվազել է 81.5 տոկոսով՝ կազմելով 132.224 տոննա»,- արձանագրել է Բայրաքթարը: Նա կոչ է արել րոպե առաջ չեղարկել արգելքը և վերականգնել արտահանման նախկին ծավալները` հաղորդում է Ermenihaber.am-ը: