«Մարտի 23- ին «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի մասնագետը դիտարկումներ էր արել ՀՀ ոստիկանության ձեռք բերած ալկոտեստերների վերաբերյալ և տարակուսանք հայտնել ինչպես գնի, այնպես էլ այնպես էլ ընկերության առնչությամբ, որից այդ սարքերը ձեռք էին բերվել:
Ոստիկանությունը պարզաբանում է հատկապես այդ սարքի անհրաժեշտությունը, բացատրելով՝ ինչ բաղադրիչներից է գոյանում գինը, ինչպես է կիրառվելու սարքը և այլն:
Տարբեր լրատվամիջոցներով «Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի ներկայացուցիչները կրկին անդրադարձել են խնդրին՝ փոխելով հարցադրումը. տարակուսանքն այս անգամ վերաբերում է ոչ թե սարքի գնին, այլ հենց այդ սարքը գնելու նպատակահարմարությանը: Նրանք պնդում են, թե մենք եվրոպական երկիր չենք, չունենք այդ ալկոտեստերները ձեռք բերելու բյուջեն և կարող էինք բավարարվել 4000-8000 ռուբլանոց սարքերով:
Ստիպված ենք մեկ անգամ ևս պարզաբանել արդեն իսկ պարզաբանածը:
Alcovisor yupiter մոդելի ալկոտեստերը պրոֆեսիոնալ, ներկառուցված տպիչով սարք է, որը հնարավորություն է տալիս ոչ միայն տեղում ստուգել վարորդի խմածության աստիճանը, այլև անմիջապես պատրաստել ու տպագրել արձանագրությունը, որը ներառում է վարորդի, մեքենայի, ստուգման բոլոր արդյունքները: Սարքի վերածրագրավորումը, հայաֆիկացումը, ՀՀ ստանդարտներին համապատասխանեցումը հենց այդ գործառույթի իրականացման նպատակն են հետապնդում, իսկ արձանագրությունը տեղում պատրաստելն անհնար է դարձնում միջամտությունը տվյալների բազային և բացառում կոռուպցիոն ռիսկերը:
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի մասնագետներն, այս ամենն անտեսելով, առաջարկում են պրոֆեսիոնալ սարքը փոխարինել սիրողական ցածրակարգ գործիքով: Անկեղծ ասած, զարմանալի է նման տրամաբանությունը, որով առաջնորդվելու դեպքում կարելի է հասնել խմածությունը հոտ քաշելով որոշելու ընդհանրապես անվճար տարբերակին, որը ոչ միայն տեխնոլոգիական միջնադար է, այլև արդյունավետ չէ: Բանն այն է, որ ոգելից խմիչք ընդունած վարորդը ենթակա է շատ լուրջ վարչական պատասխանատվության, ուստի խմածությունը պետք է որոշվի պրոֆեսիոնալ մակարդակով, արձանագրվի համապատասխան փաստաթղթերով, և քաղաքացին էլ պետք է վստահ լինի, որ ամեն ինչ ճիշտ է, ու գործընթացին որևէ կողմնակի միջամտություն բացառվում է:
Թեկուզև էժան, բայց սիրողական սարքերով այս գործընթացը մեկ փուլով իրականացնել հնարավոր չէ, և խնայողությունն էլ այս դեպքում ոչ միայն հիմնավոր չէ, այլև ի վնաս քաղաքացու է»:
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանի ֆեյեսբուքյան գրառումը: