Նոյեմբերի 6-ին «Պահեստազորի սպաների համահայկական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Ավետիսյանը հայտարարություն էր տարածել, որով կոչ է անում կամավորական ջոկատների հրամանատարներին մոբիլիզացնել ուժերը` Ադրբեջանի հնարավոր հարձակմանը դիմագրավելու համար:
Վ. Ավետիսյանը այդ հարձակման վտանգի մասին հայտարարության հիմք է դիտարկել այն, որ Ադրբեջանը լարում է իրավիճակը սահմանին, տեղեկություն է տարածել Պակիստանից սպառազինությունը Ադրբեջան արագ տեղափոխելու համար «ամեն ինչ անելու մասին» եւ անցկացնում է աննախադեպ մասշտաբային զորավարժություն: Նկատենք, որ հաղորդագրությունն ուղարկված էր պաշտպանության նախարարության էլեկտրոնային փոստից: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով հայտարարությունը, ասել էր, թե այն չի արտացոլում պաշտպանության նախարարության տեսակետը:
Araratnews.am-ի հետ զրույցում ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանը, անդրադառնալով Վարդան Ավետիսյանի տարածած հայտարարությանը եւ պատասխանելով մեր հարցին, թե արդյո՞ք ներկայումս վտանգ կա, ասաց, թե վտանգ միշտ էլ կա, սակայն Վարդան Ավետիսյանը տարածել է խուճապ սերմանող հայտարարություն, որին ինքը լուրջ չի վերաբերվում: «Բարձրագոչ հայտարարություն է անում, մարդկանց գցում խուճապի մեջ»,- ասաց Բադասյանը, հավելելով, որ, իհարկե, լայնամասշտաբ գործողությունների վտանգ միշտ էլ կա, բայց ներկա պահին Ադրբեջանը նման գործողությունների չի գնա: «Մենք միշտ պետք է պատրաստ լինենք, բայց պատրաստ լինելը նման հայտարարություններով չի լինում: Պարզ երեւում է, որ Վարդան Ավետիսյանը փորձել է ժողովրդի դժգոհությունը ապրիլյան քառօրյա պատերազմից հետո, «Սասնա ծռերի» գործողություններից շեղել»,- ասաց Վահան Բադասյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունները ոչինչ չեն անում, որպեսզի պետականությունը հաղթի: «Վարդան Ավետիսյանը սպասարկում է իշխանության շահերը, ես պարզապես կոչ կանեի ժողովրդին, որ խուճապի չմատնվի: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք գործողությունների եւ հարված հասցնելու, բայց դա չպետք է արվի ամպագոռգոռ հայտարարություններով»,- մեզ հետ զրույցում նկատեց ազատամարտիկը:
Վահան Բադասյանն ասում է՝ եթե Վարդան Ավետիսյանը նման վտանգ տեսնում է, ապա թող առաջինն ինքը պատրաստվի: «Թող օլիգարխների, նախարարների որդիներին վերցնի գա»,- ասաց Վահան Բադասյանը:
Փայլակ Ֆահրադյան