Հակառակորդի կրակոցից 2016թ. հունվարի 9-ին մահացած ժամկետային զինծառայող Արամայիս Ոսկանյանը հունվարի 26-ին 20 տարեկան կդառնար: Հայրը՝ Յուրի Ոսկանյանը, պատմում է, որ Ագրարային համալսարանում սովորող որդին որոշել էր ծրագրավորող դառնալ, թեեւ վերջին ամիսներին ասում էր նաեւ, որ ուզում է բանակում պայմանագրային ծառայության անցնել:
«Ինքը իսկական տղամարդ էր դարձել: Եթե մնար, կարող ա՝ հերոս գար բանակից: Ծրագրավորող էր որոշել դառնալ, բայց էս վերջին ամիսներին սերը գցել էր բանակի վրա, ուզում էր աֆիցեր դառնալ»,- լրագրողների հետ զրույցում պատմեց հայրը, որն այսօր՝ հունվարի 27-ին, նախագահական նստավայր էր գնացել՝ որդուն շնորհված հետմահու արիության մեդալը նախագահից ստանալու։
Յուրա Ոսկանյանը պատմեց, որ որդին զոհել է, երբ փորձել է օգնել նորակոչիկին. «Նորակոչիկ ա եղել իր հետ, ձայներ են լսել, իմ տղան պարտավոր չէր, որ գնար նայեր, թե ինչի համար են ձայներ գալիս: Բայց ինքը նորակոչին կանգնեցրել ա ապահով տեղ, ինքը գնացել ա, որ նայի, նորակոչիկը չէր կարա հասկանար: Ու էդ պահին սնայպերը խփել ա ուղիղ տղուս ճակատին»,- պատմեց Յուրի Ոսկանյանը:
Յուրի Ոսկանյանը պատմեց, որ որդու հետ դեպքից 4 ժամ առաջ են խոսել մայրն ու դուստրը. «Միշտ վերջում ասում էր՝ լավ մնացեք, հեսա գալիս եմ»:
«Կցանկանայի իմ տղան պարգեւները շողշողացող իր դոշին ներս մտներ, բայց ես հպարտ եմ՝ որդիս զոհվել է հայրենիքի համար: Թող իմ տղան վերջին զոհը լինի, թող խաղաղություն լինի, ու ոչ մեկի բալաները էլ չզոհվեն»,- ասաց նա:
Յուրա Ոսկանյանը նշեց, որ գոհ է բոլորից, որ բարոյապես սատարել են իրենց ընտանիքին, միայն դժգոհ է ԱԺ պատգամավորներից, որոնցից ոչ մեկ չի այցելել, չի փորձել մխիթարել իրենց: