տուն Լուրեր Թող կենդանիների շնորհիվ բիզնեսը զարգանա. Մարտուն Գրիգորյան

Թող կենդանիների շնորհիվ բիզնեսը զարգանա. Մարտուն Գրիգորյան

124
0

martun

ՀՀ ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր տեղի ունեցած ՝ «Անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներին պահելու օրենսդրական կարգավորումը և առկա թերությունները»  թեմայով քննարկմանը նիստի բոլոր մասնակիցները՝ հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանից սկսած, կարևորում էին կենդանինների պաշտպանությունը, նրանց հանդեպ պատշաճ վերաբերմունքը և այն, որ պետք է ամեն ինչ անել կենդանիներին հնարավոր խոշտանգումներից ու շահագործումից զերծ պահելու համար: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբն էլ ներկայացրեց նախատեսվող այն օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով կլուծվեն ոլորտում առկա օրենսդրական խնդիրները: Հանձնաժողովի նախագահ Մարտուն Գրիգորյանից Araratnews.am-ը հետաքրքրվեց՝ ինչպես է ստացվում, որ ստանձնելով կենդանիների պաշտպանի դերը, ինքը, սակայն, մի առիթով պարծեցել է, որ իր շները շնամարտի են մասնակցում:

«Չկա նման բան, ես էդպիսի բան չեմ ասել, դա բամբասանք է,  քաղաքապետի ընտրությունների հետ կապված շահարկումներ են» ,- պնդեց Մարտուն Գրիգորյանը:

Ի՞նչ կենդանիներ եք պահում:

-Ձի և ցուլ:

-Իսկ շո՞ւն:

-Իհարկե, շուն էլ ունեմ, մեկ շուն, մեկ ձի ու մեկ ցուլ:

-Պատգամավորների կողմից առաջարկ եղավ արգելել սեփական քմահաճույքի համար կենդանիներ պահել՝ այդպես զերծ մնալով նաև կենդանիներին շահագործելուց: 

-Պետք է իրավիճակային քննարկում լինի ու հասկանանք՝ ինչ նպատակով և պայմաններում է պահվում: Եթե նորմալ պայմաններում են պահվում և այդ կենդանիների շնորհիվ ինչ-որ տեղ էլ բիզնեսը զարգանա, ի՞նչ է եղել, թող պահեն:

-Բայց դա չի՞ նշանակում կենդանիների շահագործում:

-Եթե էդպես նայենք,  գազանանոցում էլ, որ մարդիկ գալիս տեսնում են ու վճարում, էդտեղ էլ բիզնես կա, չէ՞:

-Այսինքն՝ նորմա՞լ եք համարում, որ կենդանուն օգտագործեն սեփական բիզնեսը զարգացնելու համար:

-Էս պահի դրությամբ ես սկզբունքորեն խնդիր չեմ տեսնում: Եթե քննարկումների արդյունքում հանգենք այն մտքին, որ չի կարելի, արգելենք, ես կողմ եմ. խնդիր չկա: