տուն Արցախ Թող աշխարհն ու մարդիկ էլ լինեն պարզ ու բարի, ինչպես իմ...

Թող աշխարհն ու մարդիկ էլ լինեն պարզ ու բարի, ինչպես իմ որդին էր (լուսանկարներ)

227
0

264-378x375

«Ինքը շատ  բարի, աշխույժ…եւ ինչպես բոլոր մայրերի համար իրենց երեխաներն ամենա-ամենալավն են, ինքն էլ էդպիսին էր ինձ համար,  կայտառ, կյանքով լեցուն, շատ մեծ պլաններով, երազանքներով…»: Արցախյան քառօրյա պատերազմում  հայրենիքի  համար կյանքը զոհած 19 -ամյա Ադամ Սահակյանի մոր՝ Գայանե Անտոնյանի խոսքերն են, որով մայրը նկարագրում է որդուն: Տիկին Գայանեն ասում է, թե Ադամը ծնվել էր հերոս լինելու համար: «Մենք իրա մասին, որ լսում ենք բաներ, իմի ենք բերում, իր ընկերներն են պատմում, այնտեղ ականատեսներն են պատմում, Ադամը այնտեղ փաստորեն հերոսություններ է գործել, մինչեւ վերջ մարտնչել է…»,- Araratnews.am-ի հետ զրույցում պատմեց Գայանե Անտոնյանը:

Պարզ, լուսավոր ու բարի: Այսպես են հիշում երիտասարդ հերոսին բոլորը:  1 տարի, 2 ամիս էր անցել Ադամ Սահակյանի ծառայությունից: «Սովորում էր Երեւանի Ճարտարապետական համալսարանում, երկրորդ կուրս էր, ճարտարապետ- դիզայներ պետք է դառնար»,-նշեց մայրը:

2

8

21

Վերջին անգամ ծնողների հետ Ադամ Սահակյանը խոսել է ապրիլի մեկի երեկոյան: Մայրն ասում է, որ  գրեթե ամեն օր խոսում էին որդու հետ: Եթե մեկ օր Ադամը չէր զանգահարում՝ ծնողներն անհանգստանում էին: «Ասում էի՝ հարմարացրու, գոնե օրը  մեկ անգամ զանգի, ասում էր կարող է այնպես ստացվի, որ չկարողանամ, դուք գիտեք, որ ծառայության մեջ եմ: Ինքը սերժանտ էր, դիրքի ավագ, եւ շատ պատասխանատվությամբ էր մոտենում իր ծառայությանը»,- նշեց Ադամ Սահակյանի մայրը: Նախորդ տարվա դեկտեմբերին զորամասում  տեղափոխություն էր տեղի ունեցել, եւ Ադամ Սահակյանը հնարավորություն էր ունեցել մնալ զորամասում, սակայն սերժանտը հրաժարվել էր, հայտարարելով, որ իր տեղը դիրքերում է, ընկերների կողքին: «Մինչեւ այդ դեպքերը, ընկերներն ասում էին, որ այդ պոստերը կոչվում էին Ադամի պոստեր, ու հիմա , երբ որ ես մտածում եմ իրա կերպարն էլ, իրա էությունը պատկերացնում եմ, որ ինքը չէր կարող թույլ տալ, որ ուրիշները գնային, իսկ ինքը ծառայելով այնտեղ չբարձրանար»,- նշեց տիկին Գայանեն: Ադամ Սահակյանն իր մարտական ընկերների հետ շուրջ չորս ժամ կռվել է հակառակորդի դեմ, թույլ չտալով, որպեսզի ազերիները մոտենան իրենց դիրքերին,  ապա  հետո զորամասին:

Ադամ Սահակյանը անհետ կորածների շարքում էր: Օրեր շարունակ ծնողները հույս են հայտնել, որ իրենց կրտսեր որդին ողջ ու առողջ է: Նրանք հավատացած էին, որ Ադամից հեռախոսազանգ կստանան: Ցավոք, մայրական սիրտն այս անգամ սխալվել էր: «Հենց էդ դիրքերում իրենց կապերը լավը չէր, մտածում էի, որ երեւի այս իրավիճակից չի կարողանում զանգել, նամանավանդ, որ մյուսներն էլ չէին զանգում, հետո արդեն շատ մեծ անհանգստություն կար: Մեր կապերի միջոցով փորձում էինք ճշտել, հետո ցուցակ հայտնվեց, որ անհետ կորածների շարքում է, իսկ ամսի տասին հայտնի դարձավ, որ զոհվածների թվում է»,- պատմեց մայրը: Զրույցն այստեղ մի պահ ընդհատվում է… Հետո խոսում ենք Ադամի երազանքերի մասին: Զորացրվելուց հետո ուսումն էր շարունակելու, սպորտով էր զբաղվելու: «Կառուցելու էր իր կյանքը….»: Ադամ Սահակյանի մայրը նշում է, որ իր որդին եւ մյուս բոլոր տղաները իրականում առասպելական հերոսություն են արել, նրանք թիկունքով  չեն կանգնել: «Հրեշտակի նման փրկեցին բոլորին,  բայց կցանկանամ, որ այլեւս երբեք նման դեպք չլինի»,- նշեց մայրը:

Ադամի ավագ եղբայրը ներկայումս ուսանող է: Նա էլ ավարտելուց հետո զորակոչվելու է բանակ:

18

17

Վերջում տիկին Գայանեն նշեց, որ չարացած չէ աշխարհի նկատմամբ, չնայած այն հանգամանքին, որ որդին այլեւս երբեք սեփական տան դուռը չի  բացի եւ ներս չի մտնի: Ադամ Սահակյանի մայրը խնդրանքներ քիչ ունի: Պարզապես ցանկանում է, որ աշխարհն ավելի բարի լինի, իսկ մարդիկ պարզ ու բարի, ինչպես իր որդին էր:

10

 

Փայլակ Ֆահրադյան