Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հրապարակել է տեսանյութ եւ լուսանկար, որտեղ երեւում են «Երեւան սիթի» սուպերմարկետի «Տիգրան Պետրոսյան» մասնաճյուղում վաճառվող ընդեղենի մեջ «ելումուտ անող» միջատները: Երբ այս մասին օգտատերը տեղեկացրել է սուպերմարկետի աշխատակցին, վերջինս հեգնել է նրան:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը բողոքին արդեն ընթացք է տվել, արդյունքների մասին կտեղեկացնեն:
Araratnews.am-ը զանգահարեց «Երեւան սիթի» սուպերմարկետի «Տիգրան Պետրոսյան» մասնաճյուղ՝ պարզաբանում ստանալու:
Մասնաճյուղի տնօրեն Էդգար Մանուկյանը մեզ տեղեկացրեց, թե ծանոթ են օգտատիրոջ հրապարակմանը: «Համոզված չեմ, որ լուսանկարը մերն է, քանի որ նայում էի գուգլում «индийский орех»՝ լիքը նկարներ կան: Իսկ տեսանյութը մեր խանութինն է: Այդպիսի թիթեռների, ճանճերի դեմ առնելն անհնար է: Դրանք բոլորիս տանն էլ լինում են, եթե մի փոքր լուսամուտ է բաց: Մեր խանութում էլ դռները բաց են, անընդհատ մարդկային հոսք կա, կարա թիթեռ էլ լինի»,- ասաց տնօրենը:
Մեր հարցին, թե ինչո՞ւ ընդեղենը ապակե տարաներում չէ, Էդգար Մանուկյանն ասաց՝ տարաների պատրաստումն ընթացքի մեջ է:
«Ինչո՞ւ ահազանգից հետո եւ ոչ առաջ: Չէ՞ որ բաց վաճառվող մթերքը առեւտրային օբյեկտի մասին դրական կարծիք չի ստեղծում»,- հարցրինք տնօրենին:
«Ահազանգից հետո չենք անում, նախօրոք ասել ենք: Հարցը շուտ կլուծվի»,- պատասխանեց սուպերմարկետի ներկայացուցիչը:
Տեսանյութում երեւում է, որ միջատը, որը կարծես ցեցի է նման, «թռվռում» է հնդկական ընկույզի վրա: Հետևաբար, կարելի է ենթադրել, որ գուցե միջատը ձվադրած լինի ընկույզում: Մեր հարցին՝ ստուգե՞լ են հնդկական ընկույզը՝ տեսնելու համար միջատներ կա՞ն, թե՞ ոչ՝ էդգար Մանուկյանը դրական պատասխանեց. «Այո: Ամեն ինչն էլ ստուգել ենք, ոչ մի խնդիր չկա»:
Սոնա Դավթյան