Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմն ընդգրկվել է Գլենդելի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրում՝ «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում: Այս մասին տեղեկանում ենք ֆիլմի ֆեյսբուքյան էջից:
Կինոփառատոնն անցկացվելու է սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 5-ը: «Թևանիկ»-ը ցուցադրվելու է հոկտեմբերի 4-ին:
Նշենք,որ Հայաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է 2014 –ին: Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով ռեժիսորը փորձել է պատմել պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարին Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը:
Նշենք, որ «Թևանիկ» ֆիլմն արդեն մի քանի մրցանակի արժանացել է, այդ թվում՝ Hollywood International Moving Pictures Film Festival -ում (հունիս, 2016) ճանաչվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ», 2015-ին Վարշավայում կայացած Պատմական և ռազմական ֆիլմերի միջազգային կինոփառատոնում՝ կինոփառատոնի կազմակերպիչ «Ռազմական գիտության ընկերության» մրցանակին: