ԵԺԿ-ն Եվրոպայում ամենաազդեցիկ կուսակցությունն է, ուստի դրա կողմից ընդունած Ցեղասպանության մասին բանաձևը մեծ դեր կարող է խաղալ միջազգային դիվանագիտության շրջանակներում Ցեղասպանության խնդիրը բարձրաձայնելու համար: Նման կարծիք այսօր լրագրողներ հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով ԵԺԿ ընդունած բանաձևին, հայտնեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Բանաձևը նպաստավոր իրավիճակ է ձևավորումˋ թույլ տալով Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ բարձրաձայնել Ցեղասպանության ճանաչման հարցը: Սա թույլ կտա ակտիվ աշխատել եվրոպական երկրների հետ: Միևնույն ժամանակ հարցի հաջողությունը կախված է մեզանից: Մենք պետք է մեծ դիվանագիտություն ունենանք, որպեսզի կարողանանք այս բանաձևը ճիշտ օգտագործել»,- նկատեց նա:
Այն դիտարկմանը, թե ինչպես Թուրքիան կհակազդի այս որոշմանը, բանախոսը պատասխանեց, որ Թուրքիան փորձելու է սրել իրավիճակըˋ ցուցաբերելով իրեն հատուկ աղվեսային քաղաքականություն:
«Հայ-թուրքական հարաբերություններում Թուրքիայի վարած քաղաքականությունը կոչվում է «ապրիլյան դիվանագիտություն»: Մենք պետք է սովոր լինենք այս քաղաքականությանը: Սա նշանակում է, որ մենք պետք է Ցեղասպանության մասին բարձրաձայնենք ոչ միայն ապրիլի 24-ին ընդառաջ, այլ առհասարակ պետք է օգտագործենք ցանկացած հնավարություն միջազգային հարթակում այս հարցը հնչեցնելու համար, հատկապես հիմա, երբ բանաձևի ընդունումից հետո մի շարք նախադրյալներ են ստեղծվել այս մասին խոսելու»,-ընդգծեց բանախոսը:
Ըստ վերջինիսˋ եթե հայկական կողմն անընդհատ բարձրաձայնի այս խնդիրը, ապա սա նաև կսթափեցնի Թուրքիային: Վերջինս կհասկանա, որ միայն Ցեղասպանության տարելիցին ընդառաջ չի առերեսվելու Հայոց ցեղասպանության խնդրին:
Վարդուհի Ստեփանյան