տուն Լուրեր Թեստը ուսանողներին լեզու չի սովորեցնում. Լավրենտի Միրզոյանը ընդունելության քննությունների մասին

Թեստը ուսանողներին լեզու չի սովորեցնում. Լավրենտի Միրզոյանը ընդունելության քննությունների մասին

92
0

Qnnutyun

Հայոց լեզվի ընդունելության միասնական քննությունների պատկերի, լեզվի խնդիրների մասին այսօր լրագրողների հետ զրույցում խոսեց Լեզվի պետական տեսչության նախկին պետ, լեզվաբան Լավրենտի Միրզոյանը:

Հայկական բուհերը պետք է եվրոպական չափորոշիչներին համապատասխանեցվեն, հայտնեց Լավրենտի Միրզոյանը: «Մեր բուհերի առջև կան մի քանի խնդիրներ, որոնք պետք է շատ շտապ լուծել: Դրանցից են շատ մասնագիտությունների ոչ արդիական լինելը, որի հետևանքն է լինում շատ ֆակուլտետների փակումը, դասախոսների կրճատումը, և այլն: Հիմա շատ են մասնագիտությունները, որոնք արդիական չեն, և, համապատասխանաբար, համալսարանների այդ ֆակուլտետներում չունենք դիմորդներ»:

Այս տարվա հայոց լեզվի ընդունելության քննություններին բարձր գնահատական ստացողների թիվը պակասել է, հայտնեց Լավրենտի Միրզոյանը: Պատճառը նա կապեց ոչ միայն թեստերի, այլ ընդունելության մրցունակության պակասի, աշակերտների վատ սովորելու, կրթական մակարդակի ցածր լինելու հետ: Թեստերը որևէ արդյունք չեն տալիս լեզուն սովորելու համար: Նրանք աշակերտին դարձնում են տեխնիկական աշխատող՝ որը պետք է ընտրի ճիշտ պատասխանը:

Մասնագետն առաջարկեց թեստերի փոխարեն ուրիշ կերպ անցկացնել հայոց լեզվի քննությունը: ԿԳ նախարարությունը շատ ավելի մեծ գումարներ կխնայի նաև այս կերպ, քանի որ թեստերը կազմվում են անգլիայում, այնտեղից բերվում են Հայաստան, և բավականին մեծ գումարներ վատնում անարդյունավետ քննություններ անցկացնելու համար: «Պետք է համապատասխան մասնագետները հավաքվեն, ԿԳ-ի հետ միասին քննարկեն, թե ինչպես պետք է կազմակերպել հայոց լեզվի քննությունը։ Չի կարելի միայն պատասխանների առջև նշան դնելով՝ քննություն տալ։ Աշակերտը նույնիսկ պատահականության սկզբունքով կարող է դնել նշանը և լավ գնահատական ստանալ քննությունից, պատասխանը չիմանալով հանդերձ։ Նման  քննությունը ընդունելի չէ, և դրա բացասական  հետևանքը ի հայտ է գալի արդեն բուհում, երբ ուսանողները 50 բառ պարունակող տեքստում 5 ուղղագրական սխալ են անում»:

Արևիկ Նահապետյան